Արմավիրի մարզում ոռոգման սեզոնը ժամանակից շուտ է ավարտվել: Կան գյուղացիներ, ովքեր դեռ աշնանացան ցորեն չեն ցանել և ոռոգման ջրի բացակայության պայմաններում երևի հրաժարվեն աշնանացան կազմակերպելուց:
Արմավիրի մարզում գյուղատնտեսական նշանակության 54 հազար հեկտար հողատարածքներից ժամանակին մշակվում էր ընդամենը 45 հազար հեկտարը: Տարեց տարի գյուղացիները, ոչ շահավետ զբաղմունք համարելով, հրաժարվեցին հող մշակելուց, և այսօր մշակովի տարածքների շուրջ 40 տոկոսը, այսինքն 18 հազար հեկտարը վերածվել է անապատի: Տրամաբանությունը հուշում է, որ մշակվող հողատարածքների նվազման պայմաններում պետք է ոռոգման ջրի ավելցուկ առաջանար, սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը: Որքան մշակվող հողատարածքները կրճատվում են, այնքան ավելի արագ են կրճատվում ոռոգման ջրի ծավալները: Եվ սա այն պարագայում, երբ Հանրապետությունում ամեն տարի ներդրումներ են կատարվում ոռոգման համակարգերի բարելավման և նոր ջրագծերի պատրաստման ուղղությամբ:
Արմավիրի մարզում կա մոտ 600 խորքային հոր, որոնց միջոցով ընդերքից ոռոգման նպատակով տարեկան դուրս է մղվել մոտ 800 միլիոն խորանարդ մետր ջուր: Այն պարագայում, երբ Արմավիրի մարզի ոռոգման նպատակով անհրաժեշտ ջրի ծավալը կազմում է 250 միլիոն խորանարդ մետր: Այստեղ նույնպես հարց է ծագում, թե ինչու մարզը ոռոգման ջրի խնդիր ունի:
Հարցի պատասխանը մեկն է Արմավիրի մարզի խորքային հորերը մեկը մյուսի հետևից չորանում են: Արմավիրի մարզի հարևանությամբ Արարատի մարզում գտնվող Մասիսի տարածաշրջանը իր աշխարհագրական դիրքով 33 մետր ավելի ցածր է մարզի մակարդակից, ունի բազմաթիվ ինքնաբուխ խորքային հորեր, որոնցից դուրս մղված ջուրը օգտագործվում է հիմնականում ձկնարդյունաբերության նպատակով: Ամեն տարի ձկնարդյունաբերության նպատակով օգտագործվում է 1,5 միլիարդ խորանարդ մետր ջուր:
Ձկնարդյունաբերության նպատակով այսօր էլ հորատվում են ինքնաբուխ խորքային հորեր, սակայն տարեց տարի այդ հորերի ջուրն էլ է նվազում: Եթե 6-7 տարի առաջ ձկնարդյունաբերության նպատակով ընդերքից դուրս էր մղվում 2 միլիարդ խորանարդ մետր ջուր, այսօր հորերի կրկնապատկման պայմաններում դուրս է մղվում 1,5 միլիարդ խորանարդ մետր: Սա նշանակում է երկրի ընդերքի ջրավազանի ընդհանուր ճնշումը ընկել է, որը կործանարար է ոչ միայն գյուղատնտեսության, այլ նաև ընդհանուր էկոհամակարգի համար:
Ինչ է կատարվում: Ջուրը ընդերքից դուրս է մղվում, լցվում է ջրավազանները, որտեղ ձուկ է աճեցվում, այնուհետև ջուրը հոսելով թափվում է Արաքս գետը: Այստեղ տեղի է ունենում ջրային մասսայի միգրացիա, որը բնության օրենքներով կոչվում է բալանսի խախտում և ունենում է կործանարար հետևանքներ:
Իսկ ինչու է ձկնարդյունաբերության ոլորտում ջուրը շռայլվում: Գյուղացին ոռոգման ջրի մեկ խորանարդի համար վճարում է 11-15 դրամ, իսկ ձկնարդյունաբերության ոլորտում մեկ խորանարդ մետր ջուրն արժե 1-5 լումա:
Այդ է պատճառը, որ Հայաստանը տարեկան 1,5 միլիարդ խորանարդ մետր քաղցրահամ ջուր է լցնում Արաքս գետը, որը հոսում է մինչև Կասպից ծով: Այս ջուրն իր բաղադրությամբ ոչնչով չի զիջում, ասենք, Հորդանանում 1 լիտրը 1 եվրոյով վաճառվող ջրի բաղադրությանը:
Մեր հարևան երկիրը՝ Թուրքիան, նույն Արաքս գետի վրա սկսել է 4 ջրամբարի կառուցման աշխատանքները, որոնց ընդհանուր տարողությունը լինելու է 2 միլիարդ խորանարդ մետր: Դժվար չէ ենթադրել, որ, հատկապես ամռան ամիսներին, Արաքս գետը կնմանվի փոքրիկ առվակի կամ ցամաքած առվի:
Խորքային հորերի ցամաքումը մի կողմից, Արաքս գետի ջրերի զավթումը մյուս կողմից, մեր հարևան պետության կողմից կբերեն Արարատյան դաշտավայրի լիարժեք անապատացմանը: