Հատկապես վերջին մեկ տարում ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու անունը շատ էր շրջանառվում տարբեր տեսակի ծեծկռտուքների մեջ:

Այսօր առավոտյան հերթական անգամ շրջանառությամ մեջ դրվեց Արտակ Գևորգյանի անունը` զենքի սպառնալիքով ավտոմեքենա առևանգելու կապակցությամբ: Առավոտյան մեր թղթակիցը ՀՀ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունից փորձեց ճշտել տարածված լուրերի հավաստիությունը: Մարզային վարչությունից չհերքեցին դեպքի փաստը: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Զաքարյանի հետ, իր զբաղվածության պատճառով, մեզ չհաջողվեց պաշտոնական տեղեկատվություն ստանալ: Քիչ ուշ Ոստիկանության պաշտոնական կայքում, առանց ազգանուն նշելու, տեղադրվեց փաստի կապակցությամբ տեղեկատվություն, որ հուլիսի 18-ին, ժամը 03:35-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1987թ. ծնված Վիրաբ Ա.-ն և հայտնել, որ անհայտ անձը, «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից իջնելով, զենքի սպառնալիքով առևանգել է իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1982թ. ծնված Արտակ Գ.-ն նույն օրը, ժամը 03:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ, իջնելով իր կողմից վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից, ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել է Վիրաբ Ա.-ի կողմից վարվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան, իջեցրել վերջինիս ու նրա ուղևորին և թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան, «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել է:

Արտակ Գ.-ն ձերբակալված է:

Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: