Ամասիա գյուղի բնակչուհի Արփենիկ Ավետիսյանը պատմում է, որ սովորաբար առավոտյան ժամը 05:00-ին է արթնանում, անասնագոմ մտնում, անասուններին կերակրում ու 7-ը կով կթում: Նա այսօր սովորականից շուտ էր արթնացել, Բորզիկ շունն էր նրան քնից հանել: Արփենիկը շան հաչոցից դուրս էր եկել ու շների գզվրտոցին ականատես եղել, սկզբում չէր հասկացել շնե՞րն են, թե՞ … Տղային՝ Նորայրին էր արթնացրել, մոտեցել էին ու տեսել, հերոսացած շունը գայլի վրա էր հարձակվել, չնայած մի քանի վնասվածք էր ստացել, բայց գայլին խեղդամահ էր արել: Աղմուկից հարևաններն էլ էին հավաքվել: Գայլը ոչ մի անասունի չէր հասցրել վնասել: Անասնագոմի մոտակայքում Բորզիկը հասցրել էր գայլին կանգնեցնել ու, ըստ արժանվույնս, պատժել: Ամասիացիները պատմում են, որ գյուղի այդ հատվածում հաճախ են գայլ նկատում, դեպքերը քիչ չեն, երբ գայլը ոչխար է վնասել, հիշում են, նախորդ տարի գայի հարձակումից հարևան Ազատի ոչխարներն են տուժել, անգամ հարևան գյուղի հովիվն էր գայլի հարձակումից տուժել: Իսկ այս անգամ Նորայրի անասուններին գայլի ձեռքից Բորզիկն էր փրկել: Արփենիկ տատն ասում է, որ շանը պետք է պարգևատրեն, նրա համար այսօր հատուկ ճաշ կպատրաստեն, շնորհակալություն շանը գոնե այդպես կհայտնեն: Հարևաններն ու գյուղի որսորդները զարմացած են, լսել, բայց երբեք չէին տեսել, որ շունը գայլ կխեղդի, սովորաբար երբ գյուղում գայլ է մտել, շունը մոտ չի գնացել, ինչպես որ Նորայրի մյուս շների դեպքում էր, 6-ից միայն մեկը՝ Բորզիկն էր համարձակվել պայքարի մեջ մտնել գայլի հետ: