Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Ավանդության համաձայն` Սուրբ Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սուրբ Կույսը նաև պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ վերջինս Սուրբ Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սուրբ հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնացել է Վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննեսը վերցրել է մի տախտակ ու տվել Աստվածածնին և խնդրել, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցրել է տախտակը, խաչակնքել և երեսին դրել, այնուհետև թրջել արցունքներով և Աստծուց խնդրել, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևացել: Սենյակի վերևում հայտնվել է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդել է հոգին: Սուրբ Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին ննջում և ոչ թե մահ բառով է որակում` հասկանալի դարձնելու նրա երկինք փոխադրված լինելը: Բարթուղիմեոս առաքյալը, որ բացակայում էր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն այնտեղ չի լինում Սուրբ Կույսի մարմինը: Այդ նշանակում էր, որ Հիսուս իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել իր մորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմած պատկերը տալիս են Բարթուղիմեոսին` որպես մխիթարություն: Ըստ Մովսես Խորենացու` Հայաստանի առաջին լուսավորիչն այն բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց կոչված վայրում, ուր հետագայում ի պատիվ Աստվածամոր եկեղեցի և կուսանոց է հիմնադրվում: Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Սբ. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է: