Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանի նկատմամբ պաշտոնական լիազորություններն անցնելու համար քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1-ին մասով: Էջմիածնի ընդհանուր իրավասությունների դատարանում, դատավոր Վահե Խլղաթյանի նախագահությամբ, շարունակվեց Նազարյանի դեմ դատավարությունը: Մեղադրյալ Սուսաննա Նազարյանը հանդես եկավ պաշտպանական ճառով, որտեղ պնդում էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում, և բոլոր մեղադրանքներն անհիմն են: Մեղադրյալը պնդում է, որ նախաքննական մարմինն իր նկատմամբ բացահայտ անհիմն մեղադրանք է առաջադրել: Ըստ մեղադրանքի, 2011թ. փետրվարին դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանը ֆիզիկական բռնություն է կիրառել նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Հարությունյանի նկատմամբ, որն ուղեկցվել է հայհոյանքներով, որի արդյունքում էլ աշակերտը դեմքի շրջանում ստացել է մարմնական վնասվածք: Փաստը հերքում է արդեն նախկին տնօրենը, և ավելին, պնդում է, որ Ալբերտ Հարությունյանը ծեծի է ենթարկվել ոչ թե իր, այլ իր տատիկի՝ Բահար Եղիազարյանի կողմից, ով նույն դպրոցի ուսուցչուհի է հանդիսանում: Սուսաննան ավելացնում է, որ հենց Ալբերտն է իր նկատմամբ կիրառել բռնություն, որից հետո, զգալով իր մեղքի բաժինը, ներողություն է խնդրել: Մեղադրողի կարծիքով էլ Սուսաննա Նազարյանի պաշտպանական ճառը լի էր անհիմն մեկնաբանություններով և, որևէ մեջբերում, կոնկրետ ապացույցներ չէր պարունակում: Մեղադրող Գեղամ Աթանեսյանը մեղադրյալի ճառում նույնիսկ վիրավորական տարրեր է նկատում և իր ռեպլիկում նշում. «մեղադրանքը կատարվել է հիմնավոր ապացույցներ ձեռք բերելուց հետո: Դրանք հաստատվել են նաև գործով վկաների կողմից»: