Նեսոյի հանրահայտ քարաբաղնիսից առաջ ներկաները հիշատակում էին մարդկանց, ովքեր փրկվել էին քարաբաղնիսով, բայց երբ Կիրակոսին քարաբաղնիսով խեղդեցին, ներկաները սկսեցին Նեսոյի քարաբաղնիսով խեղդվածներին հիշել:

Նույն քարաբաղնիսի գործընթացն է սկսվել Հայաստանի գյուղատնտեսության մեջ: Գյուղնախարարն ամեն օր ինչ-որ թվեր է հրապարակում՝ համեմելով տնտեսական աճով, գյուղմթերքների արտահանումով, շուկաների բազմազանությամբ և խնդիրների բացակայությամբ, սակայն, գյուղից գաղափար չունեցող մարդը, եթե մի կես ժամով այցելի Արարատյան հարթավայրի ցանկացած գյուղ, հաստատ կարձանագրի, որ գյուղնախարարը կամ իրավիճակին չի տիրապետում, կամ խուսափում է իրականությունից:

Իսկ իրականությունն այն է, որ միայն 2012 թվականին լքված գյուղատնտեսական հողատարածքների ծավալը 25 տոկոսով ավելացել է, հասնելով 45-50 տոկոսի: Գյուղացին աղքատացել է կրկնակի և եռակի անգամ: Գյուղերում արտագաղթն աղետալի չափերի է հասել: Այս երևույթները ոչ մի կերպ չեն տեղավորվում Սերգո Կարապետյանի հայտարարած 8,1 տոկոս գյուղատնտեսության տնտեսական աճի տրամաբանության մեջ:

Ասվածը հիմնավորելու նպատակով ներկայացնենք 2012 թվականին գյուղմթերքների արտադրության և սպառման փաստացի տիրող իրավիճակը: Գյուղացուն բաժանվեց անասնակեր ցորեն էլիտար սերմացուի անվան տակ, որի բերքատվությունը 2-3 անգամ ավելի ցածր էր, քան ավանդական սերմացուինը: Գյուղնախարարը երևույթը կապեց եղանակային անբարենպաստ պայմանների հետ, և դա այն պարագայում, երբ ավանդական ցորենի սերմացուն տվեց 2-3 անգամ ավելի բերք:

Ստացված ծիրանի 10-15 տոկոսը 200-450 դրամով մթերեցին արտահանողները, իսկ մնացած ծիրանը կամ ծառերի տակ մնաց, կամ 70 դրամով գործարաններն ընդունեցին, իսկ շատերից 40 դրամով դաշտից գնեցին միջնորդները և 70 դրամով հանձնեցին գործարաններին:

Դեղձը, սալորը, ձմերուկը այսօր վաճառվում են 30-50 դրամով: Կարտոֆիլը կամ չի հավաքվում դաշտերից, իսկ հավաքելու դեպքում էլ վաճառվում է 25-50 դրամով: Ի դեպ, կարտոֆիլի հիմնական գնորդները խոզ պահողներն են:

Ավելորդ է մեջբերել սմբուկի կամ լոլիկի գները, որոնք վաճառվում են սկսած 20 դրամից:

Ակնհայտ է, որ այս գյուղմթերքները վաճառվում են անասնակեր խոտից էժան գնով, բայց անհավանական է, որ գյուղատնտեսությունը աճ է արձանագրում, այն էլ 8,1 տոկոս:

Այսօր Նեսոյի դերում հայտնվել է ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ով հոգեվարքում հայտնված գյուղատնտեսությունը շռայլ թվերով և պայծառ գույներով է ներկայացնում ու Նեսոի նման պատմություն անում: Հեռու չէ այն օրը, երբ մեր գյուղատնտեսությունը կարժանանա Կիրակոսի բախտին: