Լրատվամիջոցներում շրջանառվում են լուրեր, որ նախագահական ընտրություններից հետո սպասվում են սպառվող գազի սակագնի թանկացում: Զարմանալի է, բայց փաստն այնքան էլ չի անհանգստացնում արմավիրցիներին, հատկապես սոցիալական ծանր պայմաններում գտնվող ընտանիքներին:
Գազի սակագնի նախավերջին թանկացումից հետո Արմավիրի մարզի հատկապես գյուղական համայնքների բնակիչները հրաժարվեցին գազով բնակարանները տաքացնելու բարի ավանդույթից և սկսեցին ջեռուցումն իրականացնել փայտի միջոցով: Սկզբի համար սղոցը ձեռքներն առան և կտրեցին տնամերձ հողամասի ծառերը: Սեփական ծառերը վառելուց հետո անցան վառելափայտ գնելու արդեն իսկ վաղուց մոռացված սովորույթին:
Ստեղծված իրավիճակում շահեկան դիրքերում են այն գյուղացիական տնտեսությունները, որոնք զբաղվում են անասնապահությամբ, հատկապես խոշոր եղջերավոր անասունների: Գյուղերում՝ ասենք Խանջյանում, նույնիսկ հաշվարկված է, թե քանի անասուն ունենալու դեպքում է հնարավոր ամբողջ ձմեռ աթարով տաքացնել տունը:
Այնպես որ, մարզի գյուղացիների գերակշիռ մասը բնակարանը տաքացնում է առանց գազ օգտագործելու և նրանց բնավ էլ չի հետաքրքրում գազի սակագինը կբարձրանա՞ մի քանի տասնյակ դրամով: Խանջյանցի Գոհարն ասում է, որ գազօջախի տեղն արդեն մոռացել է, ճաշը նույնպես վառարանի վրա է եփում:
Գրեթե նույն իրավիճակն է տիրում մարզի քաղաքային համայնքներում: Սոցիալապես անապահով ընտանիքները վաղուց հրաժարվել են բնակարանները գազով տաքացնելուց: Այս ընտանիքներն ամառվա ընթացքում այս ու այն կողմից ցախ են հավաքում, հնարավորության դեպքում վառելափայտ են գնում, իսկ աթարին այստեղ փոխարինելու են գալիս պոլիէթիլենային տարաներն ու անպիտան մաշված անվադողերը:
Քաղաքաբնակներից շատերը, ովքեր մի կերպ կարողանում են բնակարանները տաքացնել գազով, որոշել են, եթե թանկանա գազը կանցնեն փայտի վառարաններին, կարծում են այդ կերպ և ծախսը կպակասի, և բնակարանն ավելի լավ կտաքանա:
Պարզության համար ավելացնենք, որ մարզում բազմաբնակարան շենքերում բնակչության մոտ 7 տոկոսն է բնակվում, մնացածն ապրում են սեփական տներում, և վերջիններս ձմռան ամիսներին բնակարան տաքացնելու համար պետք է սպառած գազի դիմաց վճարեն ամսական առնվազն 50-70 հզր դրամ: