Առատաշեն համայնքի 3000 բնակիչների կեսը խմելու ջուրը բերում է հարևան՝ Խորոնք և Արտիմետ համայնքներից, մյուս կեսը՝ հնարավորություն չունենալով, օգտվում է գյուղի կենտրոնում գտնվող ցայտաղբյուրից: Առատաշենցիները դժգոհ են խմելու ջրի որակից, հավաստիացնում են՝ ջուրը համ ունի, հոտ ունի, մեկ օր անց գույնը փոխվում է, դառնում է դեղնավուն: Առատաշենի խմելու ջրի ներքին ցանցը մոտ 60 տարվա պատմություն ունի: Ջուրը մատակարարվում է համայնքին պատկանող 3 արտեզյան հորերի միջոցով: Ջուրը տրվում է օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան, 2-ական ժամով:

72-ամյա Գոհար Հարությունյանը օրը սկսում է ջուր կուտակելու նախավարժանքով, առնվազն 5 անգամ գյուղի կենտրոնի ցայտաղբյուրից ջուր է տանում, ասում է ցայտաղբյուրի ջրի համն ավելի լավ է, քան տան ծորակից հոսողը, մեկնաբանում է՝ ծորակից երբեմն ավազ ու որդեր են գալիս, ցայտաղբյուրը միշտ հոսում է և այստեղ գոնե օտար մարմիններ չեն նկատվել: Գյուղի խմելու ջրի խողովակները քայքայված են, վթարների պատճառով, երբ մի քանի օր ջրամատակարարումը դադարում է, վերականգնվելուց հետո մոտ երկու ժամ ժանգոտ ու ավազոտ ջուր է հոսում: Այս մասին հաստատում են նաև Գոհարի հարևանները:

Արմինեն, արդեն երկու տարի է ջուրը առանց եռացնել երեխաներին չի տա: Ասում է, եթե հնարավորություն ունենար, խմելու ջուրը կգներ, հիմա ստիպված խնդիրը լուծում է ջուրը եռացնելով:
Առատաշենի գյուղապետ Վահրամ Հարությունյանը կիսում է գյուղացիների մտահոգությունը: Ասում է, եթե հնարավոր լինի 24 ժամ ջուր մատակարարել, որակը չի տուժի: Ջուրը որակազրկվում է հիմնականում հովհարային անջատումների արդյունքում: Հատկապես ամառային ամիսներին, երբ ջուրը մնում է մաշված խողովակի մեջ, սկսում է նեխել և, երբ մատակարարումը վերսկսվում է, մի քանի րոպե հնարավոր է ջրից հոտ գա: Այդ պատճառով մոտ կես ժամ գյուղացիները ծորակը բաց են թողնում, հետո անհրաժեշտ ջուրը վերցնում:

Գյուղապետն անձամբ խմում է մատակարարվող ջուրը, բայց չի մեղադրում առատաշենցիներին, ասում է սովորել են Նազրվանի աղբյուրներից եկող ջրին և չեն ուզում հաշտվել խորքային հորերից մատակարարվող ջրի որակի հետ: Ըստ նրա պարբերաբար անալիզի է ենթարկվում խմելու ջուրը, արդյունքներով այն համապատասխանում է սահմանված նորմերին: Վահրամ Հարությունյանը վստահեցնում է, ինքն էլ գիտակցում է, որ Խորհրդային միությունից ժառանգություն ստացած խողովակներով անթույլատրելի է շարունակել խմելու ջրի մատակարարումը, բայց այլ ելք չի տեսնում, ասում է համայնքի 57 մլն դրամ բյուջեով 11 կիլոմետր երկարությամբ ցանցը նորացնելը գործնականում անհնար է: Մասնակի վերանորոգումներ են իրականացվում տարեկան մինչև 1 մլն դրամի սահմաններում:

Գյուղապետի խոսքով, գյուղը Խորհրդային տարիներին խմելու ջուրը ստացել է Նազրվանի աղբյուրներից, որը որակապես փայլել է: 90-ականներին ջրի քանակը նվազել է, քանի որ մարդիկ աղբյուրների ջուրը սկսել են օգտագործել ոռոգման նպատակով և Առատաշենը փաստի առաջ է կանգնել՝ զրկվել է Նազրվանի որակյալ ջրից: Գյուղապետարանը խնդիրը լուծել է գյուղում խորքային հորեր հորատելու միջոցով: Մատակարարվող խմելու ջրի դիմաց յուրաքանչյուր ընտանիք ամսեկան վճարում է 1500 դրամ, սկզբում 500, հիմա՝ 250 տնտեսություն է վճարում ջրի դիմաց: Վահրամ Հարությունյանի խոսքով, մյուս մասը քանի որ խորքային հորերի ջուրը խմելու համար չէր օգտագործում, իսկ ընդհանուր օգտագործման համար սեփական հորերն էր հորատել, հրաժարվեց վճարել: Իսկ գանձված գումարներով, մի կերպ կարողանում են խորքային պոմպերի ծախսած էլէկտրաէներգիայի վարձը վճարել, հետևաբար շուրջօրյա ջրամատակարարում ապահովելն անհնար է դառնում:

Գյուղապետը պնդում է՝ մինչև խմելու ջրի ցանցն ամբողջությամբ չփոխվի, որակը չի լավանա:
Նշենք, որ Առատաշենը այն 10 համայնքներից մեկն է, որը համագործակցում է «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի հետ: Առատաշեն համայնքի ղեկավարը հույս ունի, որ ծրագրի շրջանակներում տրամադրվող ֆինանսական աջակցությամբ և համայնքի բյուջեի միջոցներով առաջիկայում հնարավոր կլինի լուծել գյուղի խմելու ջրի խնդիրը: Նախնական հաշվարկներով, ցանցի վերանորոգման համար կպահանջվի 30 մլն դրամ, որի մոտ 40 տոկոսը կհատկացվի տեղական բյուջեից: Հարությունյանի խոսքով, ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ջրաչափեր տեղադրել: