Արմավիրի մարզում ավարտվում է գյուղատնտեսական սեզոնը։ Գյուղացիական տնտեսություններն աշնան վերջին ամսին հավաքում են բանջարաբոստանային կուլտուրաների վերջին բերքը, այգեգործները պատրաստվում են այգեթաղին, մյուս մասը՝ աշնանացանին և կատարում այգիների վերջին ոռոգումը։

Նշենք, որ Արավիրի մարզում գյուղատնտեսական հողերի 30-40 տոկոսն անմշակ է։ Դրանք չեն մշակվում տարբեր պատճառներով՝ ոռոգման ջրի բացակայություն, աղակալված հողատարածքներ, որոշ դեպքերում՝ պարզապես անտեսված հողատարածքներ կրկին տարբեր պատճառներով, օրինակ՝ երկրից բացակայելու կամ հողագործությունը ոչ եկամտաբեր համարելու։

Գյուղացիներն ասում են՝ ճիշտ է, հողագործությունն ընտանիքը կերակրելու միջոց է, բայց մեծ ներդրում է պահանջում, և ոչ բոլոր դեպքերում է, երբ կարող ես այդքան ծախս կատարել, բերք ակնկալել, իրացնել, ծախսերը հանել ու եկամուտ սպասել։ Ակնալիճցի Սամվելի խոսքով, հիվանդությունները շատ են, բուժանյութերը՝ թանկ, երբեմն՝ անորակ, ոռոգման ջրի սակագինը՝ բարձր, աշխատուժը նույնպես թանկացել է։ Ընտանիքի ուժերով չես կարող մեծ գործունեություն ծավալել, հեկտարներով հողեր մշակել, իսկ վարկային միջոցներով այդքան եկամուտ չես կարող ապահովել, որ վարկային պարտավորությունները կատարես։ Այս ամենին զուգահեռ, բերքի իրացման խնդիրներն են տարեցտարի ավելանում, արտահանումն է պակասում, բերքի սակագինն է նվազում, ինքնարժեքը չի ծածկում, ինչպես օրինակ, խաղողի դեպքում է։

Բամբակաշատցի Սուրեն Գևորգյանն ասում է․ «Հողագործությամբ զբաղվելը թանկ հաճույք է դարձել։ Հիմա այգեթաղի ժամանակն է մոտենում։ Վերջին տարիներին այս աշխատանքները կրկնակի թանկացել են մի քանի պատճառով։ Նախ՝ աշխատուժն է թանկացել, երկրորդ՝ խաղողի սակագինն է նվազել, եկամուտը պակասել, հողի վրա ներդրումն է ավելացել, բերրիությունն է ընկել, կլիման է փոխվել, ոռոգումն է կրկնապատկվել, տեխնիկայով աշխատանքի գներն են բարձրացել։ Մի խոսքով, ամեն ինչ թանկացել է, բացի գյուղատնտեսական արտադրանքից։ Բերքն էլ ծախելու համար պետք է օրերով գնորդ փնտրենք, խնդրենք, գնորդի թելադրած գնին հարմարվենք, գիշեր-ցերեկ շուկաներից տուն չգանք, գործարարներին խնդրենք, որ խաղողը մթերի։ Մի խոսքով, ամեն ինչ տանջանք է»։

Բամբակաշատցիներն ասում են՝ մեծ խնդիր է դարձել բերքի իրացումը՝ սկսած բանջարեղենից մինչև պտուղ։

Ակնալիճցի Արմեն Մանուկյանի խոսքով, առատ բերքը նույնպես խնդիր է Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունների համար։ Եթե վաղ գարնանից գյուղացին մտածում է գյուղատնտեսական տարին բարենպաստ լինելու, առատ բերք ստանալու մասին, ապա բերքի հասունացման հետ սկսվում են իրացման խնդիրները և արտադրողը կանգնում է փաստի առաջ։ Այս խնդիրները յուրաքանչյուր տարի տարբեր կերպ են դրսևորվում՝ կամ գնորդ չկա, կամ ինքնարժեքից ցածր գին է առաջարկվում արտադրողին։

Վերջին 10 տարիների ընթացքում սպառողական ապրանքի գնաճի համատեքստում ավելի տխուր վիճակում են հայտնվում գյուղմթերք արտադրողները։ Տեղական շուկայում ստացված բերքն իրացնելը անհնար է։ Մթերող կազմակերպություններն ամեն տարի նոր խնդիրներ են ստեղծում մթերման հարցում, արտահանողներն իրենց կանոններն են թելադրում, չնայած նրանց նկատմամբ ՌԴ-ի կողմից ստեղծված խոչընդոտները ևս քիչ չեն վերջին տարիներին։ 

Գյուղացին պետք է երաշխիք ունենա՝ ստացած բերքը կարո՞ղ է իրացնել, թե՞ ոչ, և այս երաշխիքից է կախված վարկերից օգտվելն ու աշխատուժի ներգրավումը, գյուղատնտեսությամբ զբաղվելը կամ գյուղատնտեսությունը զարգացնելը, – ասում են մարզի գյուղմթերք արտադրողները։