Էջմիածնի տարածաշրջանի շատ գյուղացիական տնտեսություններ սկսել են գյուղատնտեսական աշխատանքները։ Ելակի ցանքատարածություններում արդեն կատարվում են ցանքսի նախապատրաստական աշխատանքներ։ Նշենք, որ ելակի մշակությունը գյուղացիները սկսում են ձմռան ամիսներից, սկզբում՝ հողը նախապատրաստում, իսկ վաղ գարնանն արդեն ելակի սածիլները տեղափոխում են դաշտ և ծածկում պոլիէթիլենային թաղանթով։

Առատաշենցի Հենրիկ Մարտիրոսյանի  խոսքով, ձմեռն անհամեմատ տաք էր։ Եթե  եղանակն այսպես բարենպաստ շարունակվի, սածիլն այս տարի ավելի շուտ հողը կդրվի, բույսի աճի ու ծաղկման շրջանի համար բարձր ջերմաստիճանը նպաստավոր կլինի։ Հենրիկը, արդեն 20 տարի է, ելակի մշակությամբ է զբաղվում, ասում է՝ բավականին ծախսատար է, հաճախակի բուժում է պահանջում, հատկապես՝ պտղակալման և պտղի հասունացման շրջանում։ Ասում է՝ նուրբ մշակաբույս է, մեծ ուշադրություն է պահանջում, պետք է անընդհատ հետևես, որպեսզի պտուղը չնեխի, պարբերաբար պետք է հողը պարարտացնես, որ բույսը սնուցվի։ Թաղանթապատումը ևս մեծ գումար է պահանջում, իսկ բերքահավաքի սեզոնին օրավարձով աշխատուժ է ներգրավվում։ Նրա խոսքով, տարեցտարի ելակի բերքատվությունը պակասում է ամենատարբեր պատճառներով, նախ՝ նոր հիվանդություններ են առաջանում, ապա՝ եղանակի խոնավ կամ չոր պայմաններն են ազդում բույսի վեգետացիայի վրա։

Մարիետա Հայրապետյանը համամիտ է Հենրիկի հետ, ասում է՝ աշխատանքը կրկնապատկվել է, բերքը՝ պակասել, մտածում է՝ գուցե անհրաժեշտ է նոր սորտերի մշակություն փորձել կամ հողի սնուցման նոր մեթոդներ կիրառել։ 

Արշալույսցի Մանվելը, շուրջ 15 տարի է, ելակի մշակությամբ է զբաղվում։ Ասում է՝ սկզբում շատ եկամտաբեր զբաղմունք էր, ցանքատարածությունները քիչ էին, սպառումն ավելի լավ էր իրականացվում, իսկ վերջին տարիներին ելակից գրեթե եկամուտ չի ստանում, նախ՝ բերքատվութունը, հետո՝ սակագինն է նվազել։ Օրինակ, այս տարի Մանվելը 1000 քմ ելակի ջերմոց կհիմնի, հաշվարկել է՝ սածիլից մինչև բերքահավաք մոտ 750 հազար դրամ կծախսի, հույս ունի՝ բերքառատ տարի կլինի։ Հիմա, երբ բերքի քանակով ու վաճառվող սակագնով հաշվարկ է կատարում՝ հասկանում է, որ հազիվ ներդրած գումարը կկարողանա ստանալ։

Չնայած ֆիզիկական ու ֆինանսական դժվարություններին, գյուղացիներն ասում են՝ ելակի իրացման խնդիր չեն ունեցել, արտահանում չի կատարվում, բայց տեղական շուկայում ամբողջությամբ սպառվում է։  Նշենք, որ անցյալ տարի ելակի ցանքատարածությունները մարզում կազմում էին  շուրջ 230 հեկտար։