8-ամյա Հարութ Նահապետյանը հոր մասին հուշերով է կիսվում։ Հայրը՝ Վաչագան Նահապետյանը, զոհվել է 2020թ․ հոկտեմբերի 25-ին՝ տղայի ծննդյան օրը։ Վերջին հեռախոսազանգը Վաչագանը կատարել էր հոկտեմբերի 24-ին, տղային խնդրել էր չնեղվել, որ ծննդյան տոնին չի մասնակցելու։
Հոկտեմբերի 25-ից ընտանիքը չկարողացավ կապ հաստատել Վաչագանի հետ։ Մոր սիրտն անհանգիստ էր, վատ կանխազգացում ուներ, տղան զանգերին չէր պատասխանում։
Հոկտեմբերի 29-ին լսեցին Վաչագան Նահապետյանի մահվան լուրը։ Վաչագանը զոհվել էր՝ փրկելով ծառայակից ընկերների կյանքը։
Վաչագան Նահապետյանի կինը հիշում է՝ ամուսինը զգուշացրել էր, որ, անկախ ընտանիքի կամքից, մեկնելու է առաջնագիծ, հանկարծ առարկություններ չլսի։ Սեպտեմբերի 29-ին էլ առավոտյան տանից դուրս էր եկել՝ չասելով, որ Արցախ է մեկնում, ճանապարհից էր տեղեկացրել այդ մասին։
Վաչագանի մայրը պատմում է՝ տղան շատ երազանքներ ուներ, հողագործությամբ ու անասնապահությամբ էր զբաղվում, տնտեսությունն էր զարգացնում։ Կենդանիների նկատմամբ հատուկ սեր ուներ, իսկ աղավնիները նրա թուլությունն էին։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Վաչագան Նահապետյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։