Մեծարգո պարոն նախագահ.
Որդուս` Արմավիր քաղաքի բնակիչ, Արմավիրի քաղաքապետի 2011թ. ընտրություններում շուրջ 6 հազար ձայն (42,5%) քվե ստացած Սևակ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար, նրա նկատմամբ` որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը, և ավելի քան 5 ամիս` 2012 թվականի սեպտեմբերի 26-ից նա գտնվում է կալանքի տակ:
Դեպքը, ըստ քրեական գործի նյութերի, տեղի էր ունեցել 2012թ. սեպտեմբերի 26-ին, ժամը 12:30-ի սահմաններում: Նույն օրը հարուցվել էր քրեական գործը: Դեպից 2-3 ժամ անց, տեղեկանալով, որ հարուցվել է քրեական գործ, որդիս ինքնակամ ներկայացել էր իրավապահ մարմիններին և հավաստիացրել էր, որ ցանկանում է համագործակցել նրանց հետ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար: Նույն օրը, սեպտեմբերի 26-ին կայացվում են որոշումներ` նրան ձերբակալելու և քննչական խումբ ստեղծելու մասին: Քննչական մարմնի նման «օպերատիվությունը» կարող է փաստել և փաստում է մեկ բանի մասին. ազդեցիկ որոշ անձանց համար առիթ էր ստեղծվել որդուս «փակելու», և այն անմիջապես օգտագործվել էր: Ապօրինի, անգամ` անհեթեթ այդ գործողություններին պատշաճ կշիռ տալու համար ստեղծվել էր քննչական խումբ` այն պատճառաբանությամբ, թե բացահայտման է ենթակա մի բարդ ու ծավալուն աշխատանք պահանջող քրեական գործ: Ինչու՞, մեծարգո պարոն նախագահ, ես անհրաժեշտ համարեցի հնարավորինս հակիրճ ներկայացնել Ձեզ վերոգրյալը այն դեպքում, երբ իմ խնդրանքի առարկան` արդեն դատաքննության փուլում գտնվող վարույթին միջամտելը չէ: Պատճառները երկուսն են. նախնական կալանքի տակ գտնվող որդուս առողջական վիճակն օրեցօր վատթարանում է, և նրան բարոյապես ու ֆիզիկապես ոչնչացնելու գործելակերպը որդեգրած քննչական և այլ «խմբերին» սթափեցնելու միակ միջոցն է` Ձեր ուշադրությունը գրավել զավակիս նկատմամբ ամիսներ առաջ սկսված ու առ այսօր իրականացվող բացահայտ խոշտանգումների փաստին…
Բժշկական փաստաթղթերը վկայում են, որ որդուս` Սևակ Մինասյանի մոտ առկա են. «Ողնաշարի գոտկասրբանային բաժնի դեգեներատիվ փոփոխությունների MP պատկեր-սպոնդիլոզ, ֆորմինալ պրոտրուզիա մինչև 2մմ` համապատասխան միջողային անցքի աննշան նեղացումով, խառը պրոտրուզիա` մինչև 7մմ դուրալ պարկի դեֆորմացիայով, ներգանգային հիպերտենզիայի MP պատկեր…»: Այդ փաստաթղթերը, որոնք կազմվել էին դեռ 2012թ. մարտին, գտնվում էին և’ խափանման միջոցը ընտրող քննիչների, և’ դատարանների ձեռքի տակ: Այլ խոսքով, թե’ իրավապահները, թե’ դատավորները, մինչև շինծու գործի վերաբերյալ վերջնական դատավճիռը, գիտակցաբար դատապարտում էին որդուս դաժան տանջանքների: Հասկանալի է, որ շուրջ կես տարի բանտախցում գտնվելը էլ ավելի է ծանրացրել նրա առողջական վիճակը: 2013թ. փետրվարի 5-ին նա ստիպված է եղել ենթարկվել վիրահատության, քանի որ վերը նշված արատները, այն է ողնաշարի ճողվածքները, մեծացել էին ավելի քան 2 անգամ:
Մեծարգո պարոն նախագահ.
Նկատի ունենալով Ձեր վճռականությունը` իրականում բարեփոխել դատական, դատախազական, ոստիկանական համակարգերի գործունեությունը, հույսս չեմ կորցնում, որ անկողմնակալ դատաքննության արդյունքում կկայացվի օրինական ու արդարացի դատավճիռ: Սակայն դա երկար ամիսների հարց է, իսկ որդուս անհապաղ անհրաժեշտ են համալիր բուժումներ և տնային պայմաններ, այլ ոչ թե բանտախցի զուգարանները… Որդուս հակացուցված է կռանալը, անգամ չնչին ծանրություններ բարձրացնելն ու տեղափոխելը, ինչն անխուսափելի է մեկուսարանի պայմաններում: Այլապես, հիվանդությունը կառաջացնի անդառնալի հետևանքներ…
Ես խնդրում եմ Ձեր ուղղակի հորդորը որդուս խափանման միջոցը օր առաջ փոխելու վերաբերյալ, հավաստիացնելով, որ Ձեզ դիմում է մի մարդ, ով երբևիցե չի դրժել իր խոսքը և չի խուսափել որևէ պատասխանատվությունից: Որդիս` նույնպես …
Սեդրակ Մինասյան