«ԱԼՏ» Հեռուստաընկերությունը 33 տարվա պատմություն ունի։ Հիմնադրվել է 1989թվ-ին, իսկ 94-ից սկսել է ամենօրյա լրատվական ծրագիրը։ Լյուբա Եսայանը Մունետիկի առաջին հաղորդավարն է։
Հեռուստաընկերության պատմությունը հարթ ճանապարհ չի ունեցել։ Սկզբում՝ 90-ականներին, հաղթահարել է մութ ու ցուրտ տարիների ճգնաժամը։ Ունենալով ընդամենը մեկ տեսախցիկ, կարողացել է տեղեկատվություն ապահովել ինչպես մարզի տարածքից, այնպես էլ՝ պատերազմի դաշտից։ Այնուհետև սկսվել են հեռուստաընկերության բարենպաստ տարիները։ 2000-ական թվականներին «ԱԼՏ»-ը կայացած և զարգացող ընկերություն էր, որն ուներ սեփական դեմքը, տեխնիկապես հագեցված էր, աշխատակազմը՝ պատրաստված։
«ԱԼՏ» ՀԸ հիմնադիր և տնօրեն Խաչիկ Դանիելյանի խոսքով, երբ ընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը, և օրենքի պահանջով ստեղծվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, զուգահեռաբար սկսվեց բնագավառի բաժանումը յուրայինի և ոչ յուրայինի։ Այդուհանդերձ, «ԱԼՏ» Հեռուստաընկերությունը 2002 թվ-ին ստացավ 22 կապուղիով հեռարձակման լիցենզիա։ Խաչիկ Դանիելյանի խոսքով, այդ ընթացքում Հայաստանում հեռուստաընկերությունները մեծ վերելք ապրեցին և բնագավառով սկսեցին հետաքրքրվել շատերը։
«ԱԼՏ» ՀԸ, կորցնելով իր հիմնական լսարանը, այնուհանդերձ շարունակեց աշխատանքներն անալոգային հեռարձակմամբ՝ հուսալով, որ նոր մրցույթում հաջողության կհասնի։ Մեկ տարի առաջ հեռուստաընկերությունը մասնակցեց թվային հեռարձակման մարզային լիցենզիայի մրցույթին։
Արմավիրցիները հավատում են, որ իրենց հեռուստացույցի էկրանից մի օր տեսնելու են մարզի իրադարձություններով մտահոգված «ԱԼՏ» ՀԸ հեռուստածրագրերը։
«ԱԼՏ» Հեռուստաընկերությունը 2021 թվ-ից աշխատանքները շարունակեց 10 տարի առաջ ստեղծված www.alttv.am կայքում, որը հանդիսանում է հեռուստաընկերության տեղեկատվության տարածման այլընտրանքային միջոցը։ «ԱԼՏ» ՀԸ հեռուստաընկերության սեփական հեռուստաաշտարակի վրա տեղադրված հեռարձակիչը 1 տարի առաջ անջատվեց։ Հեռուստաընկերության տնօրենը՝ Խաչիկ Դանիելյանը, վստահ է, որ աշտարակի մուտքի դռները ժամանակավոր է կողպել։