Մայիսի 23-ին, կեսօրից սկսված ուժգին քամին մեծ վնասներ է հասցրել Արմավիրի մարզի մի շարք համայնքների։ Ավերել է բնակելի տների, և դպրոցների տանիքներ։ Արմավիրի մարզի Արմավիր գյուղի միջնակարգ դպրոցի տանիքի թիթեղները քամին պոկել և գցել էր հարևան հողամասեր, ինչպես նաև՝ հարակից տարածքներ։ Ամբողջությամբ վնասվել է կաթսայատան, մասամբ՝ ֆիզկուլտուրայի դահլիճի և ետնամուտքի հատվածի տանիքը։
Տնօրենն ասում է, որ շենք-շինությունների վերանորոգման համար որոշակի գումարի տիրապետում ենք, սակայն վնասը շատ մեծ է և այդ գումարը չի բավականացնի տանիքը վերականգնելու համար։
Բացի գույքային վնասներից, քամին վնասել է նաև գյուղացու բերքը։ Ծառերի ճյուղերն են կոտրվել, խաղողի այգիների շիվերն են պոկվել, կեռասը, ծիրանն ու մյուս պտուղները գրեթե ամբողջությամբ ծառերի տակ են թափվել։ Մկրտիչ Սիրեկանյանը մոտ 5000 քմ այգի ունի, հիմնականում կեռաս ու խնձոր է մշակում, ասում է բերքի 90 տոկոսը քամին վնասել է։
Ըստ Մկրտիչ Սիրեկանյանի, եթե կարողանար այգին ապահովագրել, գոնե մինչ այժմ ծախսած գումարը կփոխհատուցվեր, սակայն ապահովագրական ընկերությունները կեռասը դեռ չեն ապահովագրում։