Սեպտեմբերի 9-ին կայացավ ՏԻՄ ընտրություններ: 20-րդ ընտրատարածքի 43 համայնքներից 42-ում ընթանում էին ավագանու, իսկ 24-ում համայնքի ղեկավարի ընտրություններ: 20-րդ ընտրատարածքում ըստ ընտրացուցակների կար 72 318 ընտրող: Ժամը 20:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել են 37 682 քաղաքացի: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Հովհաննիսյանը ընտրողների մասնակցությունը բավարար է գնահատում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով առայժմ որևէ տեղամասից դիմում-բողոք չի արձանագրվել: 20-րդ ընտրատարածքում էր նաև Մեծամոր քաղաքը, որտեղ տեղի ունեցավ համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ: Այստեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին նախկին և գործող քաղաքապետեր՝ ՀՀԿ-ական Ռոբերտ Գրիգորյանը և անկուսակցական Աշոտ Գրիգորյանը: Մեծամոր քաղաքում տեղակայված էր 5 ընտրատեղամաս: Նախնական տվյալներով առաջին տեղամասում քվեարկությանը մասնակցել է 965, երկրորդում՝ 966, երրորդում՝ 888, չորրորդում՝ 871 և հինգերորդ տեղամասում՝ 1022 քաղաքացի: Ընդհանուր առմամբ Մեծամորի 8973 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 4686 քաղաքացի: Ինչպես տեղեկանում ենք 20-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահից, նախնական տվյալներով Մեծամորի քաղաքապետ է ընտրվել գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Ռոբերտ Գրիգորյանը: Նախնական արդյունքներով Ռոբերտ Գրիգորյանի օգտին քվեարկել է 3128 ընտրող, իսկ Աշոտ Գրիգորյանի օգտին՝ 1379 ընտրող: ԸԸՀ-ը վստահեցնում է, որ ընտրությունները 20-րդ ընտրատարածքում անցել են օրենքի սահմաններում, առանց խախտումների և միջադեպի: Նշենք, որ հանձնաժողովն այսօր կգումարի հերթական նիստը և թեկնածուները կամ վստահված անձինք դեռ ժամանակ ունեն ներկայացնելու առաջարկություններ կամ բողոք-դիմումներ:
ՋԱՆՖԻԴԱ
Ջանֆիդայում ևս ՏԻՄ ընտրություններ էին: Այստեղ գյուղացիներն ընտրում էին համայնքի ղեկավար և ավագանի: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին երկու թեկնածու՝ անկուսակցականներ Ռաֆիկ Եղիազարյանը և Գուրգեն Սարգսյանը: Ինչպես տեղեկանում ենք 20-րդ ԸԸՀ-ից, նախնական տվյալներով Ջանֆիդայում համայնքի ղեկավար է ընտրվել Ռաֆիկ Եզիազարյանը: Նախնական արդյունքներով Ռաֆիկ Եղիազարյանի օգտին քվեարկել է 996, իսկ Գուրգեն Սարգսյանի օգտին՝ 626 ընտրող:
ԵՂԵԳՆՈՒՏ
ՏԻՄ ընտրություններ կայացավ նաև 20-րդ ընտրատարածքի Եղեգնուտ համայնքում: Եղեգնուտցիներն ընտրում էին համայնքի ղեկավար և ավագանի: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էր 2, իսկ ավագանու 7 անդամի համար՝ 10 թեկնածու: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին գործող գյուղապետ ՀՀԿ անդամ Ռազմիկ Մարգարյանը և անկուսակցական Ռազմիկ Մկրտչյանը: Ինչպես տեղեկանում ենք 20-րդ ԸԸՀ-ից, նախնական տվյալներով Եղեգնուտի համայնքի ղեկավար է ընտրվել գործող գյուղապետ ՀՀԿ-ական Ռազմիկ Մարգարյանը: Նախնական տվյալներով Ռազմիկ Մարգարյանի օգտին քվեարկել է 539, իսկ Ռազմիկ Մկրտչյանի օգտին՝ 382 ընտրող: