Տարոն Ներսիսյանը 2020թ․ սեպտեմբերի 2-ին է զորակոչվել ծառայության։ Ծառայությունն անցել է Հադրութի շրջանում։ Սեպտեմբերի 27-ից մասնակցել է մարտական գործողություններին, իսկ նոյեմբերի 7-ին՝ զոհվել Շուշիում, մարտական գործողությունների ժամանակ։
Տարոնի մայրը՝ Մարիամ Ներսիսյանը, պատմում է, որ որդու հետ կապը պահպանել է մինչև նոյեմբերի 6-ը։ Տղան Մարիամից թաքցրել է, որ մասնակցում է պատերազմին, բայց մոր սիրտն անհանգիստ է եղել։
Տիկին Մարիամն անօգնական վիճակում է, անգամ տուն չունի, որտեղ զոհված որդու համար անկյուն կստեղծի ու վիշտը կփարատի։ Առողջական խնդիրների պատճառով Էջմիածնում բնակարանը վաճառել են, Մարիամի բուժման ծախսերը հոգացել։ Այնուհետև բնակարան են վարձել, Տարոնն աշխատել է և մայր ու որդի մոտ երկու ամիս ապրել վարձակալած բնակարանում։ Տարոնի մահից հետո, Մարիամը հնարավորություն չի ունեցել բնակարանի վարձը վճարել, դուրս է եկել։ Հիմա ապրում է մեկ դստեր, մեկ՝ քրոջ տանը։
Մարիամը Տարոնի ծառայակից ընկերներից է լսել տղայի նվիրական արարքների մասին։ Տարոնը հասցրել է փրկել 6 զինվորի կյանք։
Տարոն Ներսիսյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին, Մեծամոր քաղաքի գերեզմանատանը։ Հիմա վատառողջ մայրը սպասում է զոհված որդու համար նախատեսված պետական ֆինանսական օգնությանը, որպեսզի կարողանա Տարոնի գերեզմանը կառուցել։