Գիտության եւ մշակույթի տիեզերական Ջերմուկ քաղաքը 2024 թվականի օգոստոսի 10-11-ին կհյուրընկալի Աստրոֆեստ փառատոնը՝ կապելով երկրաբնակներին տիեզերքի հետ: Փառատոնի կազմակերպիչներն են Space42-ը եւ Ջերմուկի Երիտասարդական կենտրոնը։
«Աստրոֆեստի» նպատակն է տիեզերքը «իջեցնել» Երկիր՝ միավորելով գիտությունը, մշակույթն ու աստղադիտումները եւ մասնակիցներին հնարավորություն տալ դրա մի մասը դառնալ։ Այն կներառի բազմազան զբաղմունքներ՝ նախատեսված տարբեր տարիքի մասնակիցների ներգրավելու եւ ոգեշնչելու համար։ Փառատոնի օրը պատահականորեն ընտրված չէ. այն համընկնում է Պերսեիդների աստղաթափի եւ Նավասարդի հետ։
«Աստրոֆեստն» ուղղված է խթանելու աստղագիտության հանրայնացումը եւ միաժամանակ միավորելու գիտության ու մշակույթի սիրահարներին։ Շատ ուրախ ենք, որ այս տիեզերական օրն անցկացվելու է հենց Ջերմուկում, որը Հայաստանի հարուստ զբոսաշրջային կենտրոններից է եւ հայտնի է իր մաքուր օդով, տեղական յուրահատուկ մշակույթով եւ, իհարկե, հեռու է լուսային աղտոտվածությունից, ինչն այն իդեալական է դարձնում աստղադիտումների համար», – նշում է Space42 կազմակերպության համահիմնադիր-տնօրեն Վաչիկ Խաչատրյանը:
Փառատոնի մուտքն ազատ է. ցանկացած անձ կարող է անվճար մասնակցել միջոցառմանը։
Առաջին օրը՝ օգոստոսի 10-ին, կանցկացվեն գիտական հանրամատչելի դասախոսություններ, հետաքրքիր ֆիզիկական փորձեր տարբեր տաղավարներում, վարպետաց դասեր, կլինեն երաժշտական հայտնի խմբերի կատարումներ, տեղական արտադրանքի ցուցահանդես-վաճառք։ Իսկ երեկոյան տեղի կունենան ամենասպասված իրադարձությունները՝ անմոռանալի աստղադիտումներ տարբեր հզորության ժամանակակից աստղադիտակներով եւ ամենակարեւորը՝ Պերսեիդների աստղաթափի դիտում Ջերմուկի չքնաղ տեսարանների ներքո։
Երկրորդ օրը՝ օգոստոսի 11-ին, մասնակիցները հնարավորություն կունենան վայելելու քաղաքի գեղեցկությունը փոքրիկ արշավների միջոցով, այցելել պատմամշակութային վայրեր, ծանոթանալ բնական հուշարձաններին։
«Աստրոֆեստն» աննախադեպ է նաեւ իր հյուրերով։ Փառատոնի հատուկ հրավիրյալ բանախոսն է ֆրանսիական թվային աստղադիտակներ արտադրող Unistellar ընկերության համահիմնադիր եւ SETI այլմոլորակային կյանքի գիտական որոնումների ինստիտուտի գիտնական Ֆրենկ Մարչիսը, ով հայտնաբերել է բազմաթիվ աստղակերպեր եւ ունի իր իսկ անունով աստղակերպը։
Փառատոնը կատարյալ է գիտության սիրահարների, մշակույթի երկրպագուների, ընտանիքների եւ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են տիեզերքի հրաշքներով:
«Աստրոֆեստի» շրջանակում կազմակերպիչներին աջակցում են Ջերմուկ Գրուպը, փառատոնի իրականացմանը նպաստում են Young Minds-ը, Տիեզերք/Space նախաձեռնությունը, Delta մարկետինգային կազմակերպությունը։
«Space42» կազմակերպությունը գիտությունը հանրայնացնող նախաձեռնություն է, որի առաքելությունն է Հայաստանում զարգացնել սիրողական աստղագիտությունը՝ դարձնելով այն հասանելի եւ հետաքրքիր բոլորի համար՝ սկսած երեխաներից մինչեւ մեծահասակներ։ Երկար տարիներ այս ոլորտում գիտությամբ զբաղվելով, սերը դեպի աստղեր վերածվել է մասնագիտության եւ օգնել հմտանալ երկնքի ուսումնասիրության մեջ։ «Space42»-ը կազմակերպել է բազմաթիվ հանրային եւ փակ աստղադիտումներ՝ ապահովելով մարդկանց եւ տիեզերքի միջեւ կապը։
«Ջերմուկի Երիտասարդական կենտրոն»-ը ունի մոտ 3 տարվա պատմություն։ Կենտրոնի նպատակն է երիտասարդներին ապահովել ոչ ֆորմալ եւ ֆորմալ կրթությամբ, ապահովել նրանց արդյունավետ ժամանցը եւ, որ ամենակարեւորն է, երիտասարդներին տալ կամավորության հնարավորություն, որը ոչ միայն օգնում է համայնքային կյանքի բարելավմանը, այլ նաեւ նրանց անձնային աճին։ Երիտասարդական կենտրոնի համակարգող-ղեկավարների եւ կամավորների մեծ բանակի ջանքերով համայնքում իրականացվում են բազմազան միջոցառումներ, որոնց մեջ են մտնում Ծիրանի փառատոնը, Ջերմուկին նվիրված օրը, «Դեպի Ջերմուկ» եւ «Դեպի Ջերմուկ 2» միջմարզային միջոցառումները: