Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարելիցի կապակցությամբ Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներն ու արմավիրցիները վաղ առավոտյան ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Արմավիրի կայարանամերձ հրապարակում գտնվող Արցախյան պատերազմում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Այնուհետև Արմավիրի մշակույթի տանը տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որտեղ Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հովիվ, Տեր Ստեփանոս քահանա Մելիքյանը օրհնության կարգ կատարեց: Այնուհետև հայոց հիմնը հնչեց, եռագույնը դահլիճ բերվեց և հանդիսավոր նիստը բացված համարվեց: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նախ շնորհավորական ուղերձ հղեց տոնի առիթով, ապա դրամական պարգևներ հանձնեց մարզի տարածքի զինվորական միավորումների 25 ծառայողների: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ՊՆ-ի, ԿԳՆ-ի պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց դպրոցների ռազմագիտության ուսուցիչներին: Այնուհետև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, շնորհավորելով տոնի կապակցությամբ, դրամական պարգևներ և շնորհակալագրեր հանձնեց զինվորականներին: