Բաղրամյան համայնքի Մյասնիկյան բնակավայրում խնդիրները շատ են՝ սկսած ներհամայնքային ու դաշտամիջյան ճանապարհներից մինչև չգործող մշակույթի տուն։ Մյասնիկյանցի Լևոնն ասում է․ «Գյուղում, բացի գյուղատնտեսական խնդիրներից ու սպասարկման ոլորտից, նաև պետք է գյուղացիների կուլտուրայի բարձրացման մասին մտածել, իսկ դա հնարավոր է մշակույթի տան շահագործման դեպքում, որն արդեն 30 տարի է չի գործում»։
Մյասնիկյան բնակավայրում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերանորոգվել է մշակույթի տան տանիքը։ Աշխատանքները կշարունակվեն և գյուղացիները հույս ունեն, որ արդեն հաջորդ տարի մշակույթի տունը վերակենդանացած կտեսնեն։ Գյուղում սուբվենցիոն ծրագրերով վերանորոգվել և ցանկապատվել է նաև մանկապարտեզը, ասֆալտապատվել Մոնթե Մելքոնյանի անվան փողոցը։
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շարունակում է այցելությունները և ծանոթանում սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների կատարման ընթացքին։
Մարզպետն այցի ընթացքում հանդիպեց նաև աշխատանքներն իրականացնող շինարարի հետ, քննարկեց շինարարական աշխատանքների ընթացքն ու կատարման ժամկետները։
Մյասնիկյանցիները լավատես են, ասում են կարևորագույն խնդիրները լուծված են, ուշադրության կենտրոնում են մնում խմելու ջրի ներքին ցանցի բարելավման աշխատանքները։ Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի եղավ նաև Դալարիկ բնակավայրում, որտեղ իրականացվել է 4 փողոցների ոռոգման համակարգի բաց և փակ ցանցի կառուցում, 2 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում, հանդիսությունների սրահի, մարզասրահի հիմնանորոգում և 2 փողոցների ասֆալտապատում։