Երկար տարիներ անգործության մատնված և շահագործման համար ոչ պիտանի դարձած Արմավիրի քաղաքային մարզադաշտը կրկին կգործի։ Այսօր մարզադաշտի բացման արարողությունն էր։ Մարզադաշտի պաշտոնական բացմանը ներկա էին Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
Արմավիրի քաղաքային մարզադաշտի վերանորոգման համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆինանսական միջոցներից ծախսվել է 688 մլն դրամ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
Վերանորոգված մարզադաշտում հնարավոր է իրենց հանդիպումներն անցկացնեն նաև Պրեմիեր լիգայի մի քանի թիմեր, իսկ հանդիպումներ հիմնականում կանցկացեն Հայաստանի երիտասարդական և պատանեկան թիմերը։ Նշենք, որ մարզադաշտում կարող է տեղավորվել 3100 հանդիսական, իսկ մարզադաշտին կից գործում են նաև արհեստական խոտածածկով 4 փոքր դաշտեր։