Երեկ հանրային հեռուստատեսության <<Հարցազրույց>> հաղորդաշարի հյուրն էր ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստանը, իսկ քննարկման հիմնական թեման՝ ցորենի էլիտար սերմացուն: Նվեր Մնացականյանից էլիտար սերմացուի զոհերն ընդամենը 3 հարց էին ուզում լսել՝
1. Հայաստանի ո՞ր տարածքներում է իրականացվել դաշտային փորձարկումներ, լաբորատոր հետազոտություններ, որը, ըստ ՀՀ Սերմերի մասին օրենքի, կոչվում է տնտեսական օգտակարության պետական փորձարկում:
2. Ինչու՞ Արարատյան հարթավայրում ցանված այլ սորտերի ցորենի սերմացուն նույն բնակլիմայական պայմաններում ապահովել է բարձր բերքատվություն, իսկ կառավարության կողմից տրամադրված էլիտար և առաջին վերարտադրության ցորենը՝ ոչ:
3. Ցորենի էլիտար սերմացուից տուժած գյուղացիների հետագա ճակատագիրը:
Չնայած այս հարցերը Նվեր Մնացականյանը չհնչեցրեց, սակայն փոխնախարարն առաջին հարցին լիարժեք պատասխանեց, որ շրջանցել են ՀՀ Սերմերի մասին օրենքը և սերմացուն Հայաստանի պայմաններում ոչ մի փորձարկում չի անցել, փոխարենը հանձնաժողովը մեկնել է Կրասնոդար և այնտեղ որոշում կայացրել:
Երկրորդ հարցին փոխնախարարը որքան էլ ջանար, չէր կարող պատասխանել, քանի որ փաստը առկա է և դրանով կբացահայտեր սերմեր ընտրող հանձնաժողովի ոչ իրավասությունն ու կընդուներ սերմերի անորակության փաստը:
Երրորդ հարցին Սամվել Գալստյանը մասամբ պատասխանեց՝ ասելով, որ պայմանագրում ֆորս-մաժորային դրույթներ նախատեսված չեն: Ավելի վատ, որ նախատեսված չեն, խախտվել են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի դրույթները: Սակայն փոխնախարարը կամ Նվերը չցանկացան քննարկել պայմանագրի առարկան. այն է՝ գյուղացուն սերմացու՞ է տրվել, թե՞ անասնակեր:
Անկախ ամեն ինչից ցորենի բերքահավաքն Արարատյան դաշտավայրում ավարտվեց, իրեղեն ապացույցները վերացվել և թեման փակված կարելի է համարել: Մնում է, որ գյուղացին կրկին անգամ համոզվի, որ ինքն այս երկրում երկկողմանի որբի կարգավիճակում է, և ինչպես ուզեն իր հետ կվարվեն:
Մինչ օրս անհասկանալի էր մարզպետների խորհրդավոր լռությունը, ովքեր ի դեպ սերմերի մատակարարման եռակողմ պայմանագրի կողմ են հանդիսանում: Այդ հարցի պատասխանն էլ կարծես արդեն հայտնի է. ըստ մոտ կանգնած աղբյուրների էլիտար կոչվող սերմացուի գործի գլխին կանգնած է եղել Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, ով, ըստ նույն աղբյուրի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ազգականն է: