Արմավիրի մարզում ծիրանի բերքահավաքն ավարտվեց։ Այս տարի գյուղացիները գոհ են ծիրանի և՛ բերքատվությունից, և՛ իրացումից։ Արտահանումն իրականացվել է առանց խափանումների։ Բացի դա, մարզում ծիրանի մթերում է իրականացրել 4 մթերող կազմակերպություն՝ ավելի քան 3500 տոննա։ Բերքի հիմնական քանակությունը գնել են արտահանող կազմակերպությունները։ Վերամշակող գործարանները ծիրանի 1 կիլոգրամը գնել են 60-150 դրամով՝ ըստ որակի, իսկ արտահանողները 200-400 դրամով՝ կրկին որակով պայմանավորված։ Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետի աշխատակազմի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանից։ Մարզի գլխավոր գյուղատնտեսի խոսքով, Արմավիրի մարզում մշակելի հողատարածքների 13348 հեկտարը կազմում են պտղատու այգիները, որից՝ 5395 հա ծիրան, որից էլ՝ 4462 հեկտարը՝ բերքատու։ Ինչպես տեղեկանում ենք Արթուր Այվազյանից, անցյալ տարի Արմավիրի մարզում արտադրվել է 51 հազար տոննա ծիրան։ Այս տարվա կանխատեսումներով բերքի ծավալները կհասնեն մինչև 55 հազար տոննայի։

Նշենք, որ Արմավիրի մարզում գյուղատնտեսական նշանակության հողատարածքները կազմում են 96607 հեկտար։ 2024 թվ-ին մշակվել է շուրջ 44000 հեկտարը։ Այս տարի ցուցանիշները կամփոփվեն գյուղատնտեսական տարվա ավարտին։ Առայժմ ոռոգման ջրի լուրջ խնդիրներ գյուղացիները չեն ունեցել։ Ըստ Այվազյանի, ոռոգման սեզոնին ջրային պաշարները կբավարարեն պահանջարկը։ Մարզի գլխավոր գյուղատնտեսի փոխանցմամբ, այս տարի կանխատեսվում է, որ խաղողի մթերումը ևս կիրականացվի առանց խնդիրների, քանի որ մթերող կազմակերպություններն արդեն իսկ մեծ պահանջարկ են ներկայացրել խաղողի գործարանային տեսակի համար։