Արմավիրի մարզում լրացուցիչ հինգ դատավոր է անհրաժեշտ, որ կարողանան ողջամիտ ժամկետում լսեն «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն հայցերը՝ կապված քաղաքացիներից գումարի բռնագանձման պահանջի հետ: Դրանում կարելի է համոզվել՝ թեթև աչքի անցկացնելով www.datalex.am կայքի պաշտոնական տվյալները:
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ իր գովազդներով հասարակությանը գայթակղիչ առաջարկություն է անում անձնագրի և սոցիալական քարտի առկայությամբ Nur Card Express վարկային գիծ բացելու համար:
Հասարակության դժգոհությունը հաշվի առնելով, փորձեցինք հասկանալ ի՞նչ է ներկայացնում իրենից Nur Card Express վարկային գիծը:
«Արդշինինվեստբանկ» Արմավիրի մասնաճյուղ մտնելուց հետո հասկացանք, թե ինչի հետ գործ ունենք:
Այսպես, բանկի աշխատակիցը մի 2-3 րոպե տնտեսագիտական տերմիններով ողողված, անգիր արած տեքստով փորձում է բացատրել վարկային գծի պայմանները՝ տողատակում թողնելով հաճախորդին հետաքրքրող միակ հարցի պատասխանը, թե որքա՞ն գումար է ետ վերադարձնելու բանկին:
Մտնելով հաճախորդի դերի մեջ, փորձեցինք ինքներս հասկանալ, ասենք, եթե 200 հազարանոց Nur Card Express վարկաին գիծ ենք բացել, որքա՞ն գումար պետք է ետ վերադարձնենք կամ ընդունված տարեկան 24 տոկոս տոկոսադրույքը փաստացի որքա՞ն է դառնում: Աշխատակիցը խուսափելով պատասխանից՝ հայտարարեց, որ ինքը իրավունք չունի նման տեղեկատվություն տրամադրել: Մեր համառության արդյունքում ստացանք պատասխան՝ մոտ 28 տոկոս: Այժմ փորձենք հասկանալ, թե որքանո՞վ էր անկեղծ բանկի աշխատակիցը:
Հաշվարկները կատարենք Nur Card Express վարկային գծով 200 հազար դրամ վերցնելու և երկու տարում մարելու պայմաններում:
1. Nur Card Express քարտի տպագրում՝ 3000 դրամ
2. 200 հազար դրամը կանխիկացնելու համար՝ 3 տոկոս, այսինքն 6000 դրամ
3. Ամեն ամիս 2 տոկոս տոկոսավճար՝ 4000 դրամ, 24 ամսում՝ 96000 դրամ
4. Ամեն ամիս քարտի սպասարկման համար՝ 600 դրամ, 24 ամսում կլինի 14400 դրամ
5. Ամեն ամիս վարկի տոկոսները վճարելու համար բանկը պայմանագրով ստիպում է վարկառուին մուտքագրել քարտի վրա վերցրած վարկի 20 տոկոսը՝ գումարած ամսեկան վճարները, այսինքն 46000 դրամ: Բանկը 6000 պահում է, որից հետո հաճախորդը կարող է 40000 դրամը քարտից կանխիկացնել և հանել, սակայն նորից իր գումարը ետ վերցնելու համար՝ որպես կանխիկացում, վճարել 3 տոկոս, այսինքն ամսեկան 1200 դրամ, 24 ամսում՝ 28800 դրամ:
Արդյունքում վարկառուն 200 հազար Nur Card Express վարկային գիծ բացելուց պետք է 2 տարում հետ վերադարձնի վարկի գումարը՝ 200 հազար դրամ, գումարած 148200 դրամ: Այժմ, հաշվելով տարեկան տոկոսադրույքը, որը բանկի աշխատակիցը գաղտնիք էր համարում, կստանանք տարեկան 37,05 տոկոս: Պարզվում է Արդշինինվեստբանկի աշխատակիցը խաբում է՝ ասելով 28 տոկոս:
Աստված մի արասցե, եթե վարկառուն ունեցավ ամսեկան տոկոսադրույքի համար նախատեսված 4000 դրամը, սակայն չունեցավ լրացուցիչ 40 հազարը, գործ կունենա տարեկան 24 տոկոսի կրկնապատիկ՝ ժամկետանցի 48 տոկոսի հետ: Սա դեռ ամենը չէ, բանկը կարող է առանց հաճախորդի գիտության լրացուցիչ վարկ ձևակերպել ու իր հասանելիք գումարը վերցնել: Այս դեպքում հաճախորդին նույնիսկ Հաղթանակի կամուրջը չի օգնի:
Եթե վարկառուն փորձի ծանոթանալ իր Nur Card Express վարկային գծի պատմության հետ պետք է վճարի 3000 դրամ:
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ վարկառուի հետ պայմանագիր կնքելիս մեկ տասնյակից ավել կետեր է նվիրել վարկառուի տեղեկացված լինելու փաստին, սակայն, արդյո՞ք վարկառուն պատշաճ տեղեկացված է վերը նշված բոլոր մանրամասներին: Իհարկե ոչ, այլապես դատարանները ողողված չէին լինի «Արդշինինվեստբանկ»-ի հայցերով:
Վերջապես Կենտրոնական բանկը պետք է հասարակության համար մատչելի լեզվով բացատրի, թե ի՞նչ է պարունակում իր մեջ տոկոսադրույքը, ի՞նչ է նշանակում սպասարկման կամ ծառայության համար նախատեսված գումարներ:
Այսօր բանկերի գործելաոճը կարելի է բնութագրել ասենք՝ մտնում եք խանութ դռների ավտոմատ բացվելու, պայուսակը պահարան դնելու, սայլակից օգտվելու կամ գնված ապրանքը փաթեթավորելու համար պետք է լրացուցիչ վճարումներ կատարել:
Մտածված թալան
15:41, 27 հկտ. 2014