Բոլոր ժամանակներում մարդու համար մեծագույն չարիքներից մեկը եղել և մնում է հրդեհը: Այն խլում է մարդկային կյանքեր, պատճառում վիթխարի նյութական վնասներ:
2016թ. նկատվում է հրդեհների դեպքերի աննախադեպ աճ:
2016 թ. մինչև օրս մարզի տարածքում գրանցվել է 60 հրդեհի դեպք, 20583917 դրամ նյութական վնասով: 2015թ. նույն ժամանակաշրջանում` 22 դեպք 6037000 դրամ նյութական վնասով:
2016թ. բռնկված հրդեհների պատճառների վերլուծությունը ցույց է տալիս, որ հրդեհների գերակշիռ մասը տեղի է ունեցել բնակելի հատվածում 17 դեպք 2460000 դրամ նյութական վնասով, տրանսպորտային միջոցներում 15 դեպք 6420000 դրամ նյութական վնասով և խոտի դեզում 10 դեպք 4390000 դրամ նյութական վնասով: Բնակարաններում և խոտի դեզերում բռնկված հրդեհների հիմնական մասը տեղի է ունեցել հենց իրենց` բնակիչների մեղքով` կրակի հետ անզգույշ վարվելու, հրդեհային անվտանգության կանոնների խախտելու, տարբեր տեսակի վառելանյութով աշխատող, անվտանգության կասկածելի աստիճանի վառարանների, էլեկտրական ջեռուցիչ սարքավորումների տեղակայման և շահագործման կանոնների խախտման հետևանքով:
Տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների հիմնական պատճառը հնամաշ տրանսպորտային միջոցի ոչ սարքին վիճակում շահագործելն է : Եվ եթե նման հրդեհներից 4-ը դեպքում հրդեհները ուղեկցվել են փոքր նյութական վնասներով, քանի որ տրանսպորտային միջոցներում առկա են եղել կրակմարիչներ, ապա մնացած դեպքերում մեքենաները վերջնականորեն ոչնչացել են:
Հետագա հրդեհներից ու դրանց աղետալի հետևանքներից խուսափելու համար Արմավիրի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը կրկին նախազգուշացնում է, որ ցանկացած անզգուշություն, հրդեհային անվտանգության կանոնների պահանջների, թեկուզ փոքր անտեսում, կամ դրանցից շեղումը հղի է անուղղելի հետևանքներով:
Կարևոր է հասկանալ, որ հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը մեծ ջանքեր չի պահանջի, փոխարենը կապահովի ձեր անվտանգությունը և թույլ կտա խուսափել հավանական հրդեհներից ու դրանց ծանրագույն հետևանքներից:
ՀՀ ԱԻՆ Արմավիրի մարզային հրդեհային
և տեխնիկական անվտանգության տեսչություն