Մեծամոր քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակիչները դժգոհում են տանիքների անմխիթար վիճակից: Արդեն 10 տարի է, պայքարում են անձրևաջրերի դեմ: Անձրևից տուժում են հատկապես շենքի 5-րդ հարկի բնակիչները: Ասում են սեփական ուժերով պարբերաբար տանիքի մասնակի նորոգում են կատարել, բայց արդյունք չի տվել, անձրևներից վերանորոգված տներն ամբողջությամբ վնասվել են:
Տանիքի խնդրով Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանին բնակիչները հաճախ են դիմել: Քաղաքապետը տեղյակ է, խնդիրը առկա է հատկապես 10-րդ , 38-րդ և միկրոշրջանի թիվ 1 շենքում: Քաղաքապետն ասում է, որ բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար քաղաքապետարանը ֆինանսական միջոցներ չունի, բայց խնդրի լուծման համար Արմավիրի մարզպետարան է դիմել:
Օրերս Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդիպեց Մեծամոր քաղաքի 10-րդ, 38-րդ և միկրոշրջանի 1-ին վթարային շենքերի բնակիչների հետ, խոստացավ, որ մեկ ամսից նշված շենքերի տանիքները վերանորոգված կլինեն: Վերանորոգման համար 48 մլն դրամ տրամադրվել է կառավարության կողմից Արմավիրի մարզին հատկացված հրատապ խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում: Նույն ծրագրի շրջանակներում ևս 19 մլն դրամ հատկացվել է 13 վերելակների վերանորոգման համար:
Շենքերի ընտրությունը կատարվել է ըստ առաջնահերթության: Ըստ մարզպետի, հետագայում նորից ուսումնասիրություն կկատարվի և անհրաժեշտության դեպքում մյուս շենքերի տանիքների վերանորոգման հարցն էլ կբարձրացվի: Իսկ մինչ այդ, մեծամորցիներն առաջարկում են ոչ թե վերելակների վերանորոգում կատարվի, այլ վերելակների համար նախատեսված գումարով ևս մեկ շենքի տանիք վերանորոգվի: Մեծամորի քաղաքապետը կողմ է բնակիչների առաջարկին:
Արմավիրի մարզպետը մեծամորցիներին խոստանում է առաջարկվող փոփոխությունը կառավարություն ներկայացնել և հաստատվելու դեպքում վերելակների փոխարեն միկրոշրջանի ևս մեկ շենքի տանիքը վերանորոգել: