ՏԿԵ նախարարը «Ճանապարհային դեպարտամենտի» ղեկավար Գոռ Ավետիսյանի, մարզպետ Դավիթ Խուդաթյանի, համայնքապետերի ուղեկցությամբ հետևել է մարզում պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։
Շրջայցի առաջին կանգառը Տ-3-44 /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ճանապարհն էր։
Ընդհանուր 7.3 կմ երկարությամբ ճանապարհը կապում է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ գյուղերը:
Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի գարնանը։
Ներկայումս իրականացվում են հողային պաստառի վերականգնման, եզրաքարերի կառուցման, մայթերի սալիկապատման, կամուրջների վերականգնման և ասֆալտապատման աշխատանքներ։
Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա օգոստոսին:
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 775 միլիոն դրամ։
Հաջորդ կանգառը Դողս – Աղավնատուն ճանապարհահատվածն էր, որտեղ այս պահին իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ:
Ծրագիրն իրականացվում է 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 96 միլիոն դրամ։
Այցի շրջանակներում դիտարկվել է Մեծամոր – ՀԱԷԿ – /Մ-5/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10.7 կմ հիմնանորոգվող հատվածը:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում, որի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 149 միլիոն դրամ:
Նշված հատվածում աշխատանքները մեկնարկել են, կատարվում են հողային աշխատանքներ, եզրաքարերի հիմքերի կառուցման և տեղադրման աշխատանքներ, մայթերի սալիկապատման, արհեստական կառուցվածքների նորոգման աշխատանքներ։
Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա դեկտեմբերին:
Հաջորդ կանգառը Ակնալիճ(Տ-3-6) – Զարթոնք-Արևիկ(Տ-3-50) ավտոճանապարհի 3.6 կմ երկարությամբ հատվածն էր: Աշխատանքների մեկնարկը տրվել էր 2023 թվականին:
Ներկայումս իրականացվում են կողնակների կառուցման և ճանապարհային պատվածքի մակերեսային մշակման աշխատանքներ։
Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել սույն տարվա հունիսին:
Ծրագրի արժեքը կազմում է 284 միլիոն դրամ:
Հաջորդիվ նախարարի հետ դիտարկվեց նաև (Նորապատ) – /Հ-17/ ավտոճանապարհի (Արմավիր, Կապույտ կամուրջ) 1.7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները:
Աշխատանքների մեկնարկը տրվել է 2024 թվականի գարնանը, այժմ իրականացվում են հողային պաստառի վերականգնման, մայթերի կառուցման և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։
Ծրագրի պայմանագրային արժեքը 440 միլիոն դրամ է, շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2024 թվականի օգոստոս – սեպտեմբեր ամիսներին:
Նախարարի այցի շրջանակներում եղան նաև Արմավիր Մ – 5, Երևան – Արմավիր – Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի աջակողմյան և ձախակողմյան երեք հատվածներում` ընդհանուր 5.6 կմ:
Կմ 32 + 675 – կմ 33 + 833 հատվածում աշխատանքներն ավարտված են։ Մյուս հատվածներում աշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկա ամսվա ընթացքում, իսկ ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել սույն տարվա դեկտեմբերին:
Ծրագրի համար պետբյուջեից հատկացվելու է 1 միլիարդ 948 միլիոն դրամ:
Շրջայցի ժամանակ նախարարն ու մարզպետը զրուցել են շինարարների, տեխնիկական հսկողների հետ, լսել բոլոր խնդիրները, քննարկել նախագծային լուծումները, տրվել են մի շարք հանձնարարականներ։
Տեղեկատվությունը և լուսնկարը ՝ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայք էջից։