Հայաստանում աշակերտական սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված առաջին ծրագիրն ամփոփում է արդյունքները:
Օրերս Երևանում «ՔՈԴԵ Սոցիալական Ձեռնարկատիրության Հաբ» (CODE-SE HUB) ՀԿ-ի կողմից կազմակերպվել էր «Սոցիալական ձեռնարկատիրություն (ՍՁ) և Աշակերտական սոցիալական ձեռնակատիրություն (ԱՍՁ)» ազգային ֆորումը, որը մի կողմից ձևավորել էր հարթակ քննարկելու Հայաստանում աշակերտական ՍՁ–ների զարգացման հնարավորությունները, մյուս կողմից ամփոփում էր նախորդ երեք տարիներին այս ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրի արդյունքները:
Աշակերտական սոցիալական ձեռնարկատիրությունը նոր ձևաչափ է թե՛ կրթական ոլորտում, թե՛ բիզնես միջավայրում: Այն աշակերտների կողմից ղեկավարվող բիզնես գործունեություն է կրթական հաստատությունում (դպրոց, քոլեջ կամ տեխնիկական ուսումնարան): Կուրատորի (ուսուցիչ, ձեռնարկատեր կամ ծնող) ուղղորդմամբ աշակերտներն արտադրում և վաճառում են ապրանքներ կամ ծառայություններ՝ իրական սոցիալական խնդիրներ լուծելու համար: Այս գործնական, նորարարական մոտեցումն աշակերտների համար ապահովում է իրական բիզնես փորձ՝ խթանելով ձեռնարկատիրական մտածողությունը և խնդիրների լուծումը՝ միաժամանակ նրանց զինելով կարիերայի համար անհրաժեշտ հմտություններով:
Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանում ստեղծվել են ԱՍՁ զարգացման մի շարք կարևոր նախադրյալներ. կա ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված արտադասարանական կրթության ծրագիր, ստեղծվել է ԱՍՁ կրթական առցանց հարթակ՝ նախատեսված աշակերտների համար և արդեն իսկ ձեռք բերված փորձի հիման վրա կազմվել է մեթոդաբանական ձեռնարկ ուսուցիչների, դասընթացավարների, մենթորների ու ոլորտով հետաքրքրվող այլ անձանց համար և կարող է դառնալ սոցիալական ձեռներեցների պատրաստման արդյունավետ գործիք:
«Մեր այս ծրագրի թիրախային խումբը 14–18 տարեկան երիտասարդներն են, որովհետև մենք որոշել ենք նաև ներքևից սկսել ՍՁ զարգացումը. նրանք ավելի կրեատիվ են և ունեն նոր գաղափարներ: Նրանք արդեն ապացուցել են, որ շատ վաղ տարիքում հնարավոր է մտնել ձեռնարկատիրական ոլորտ և հաջողության հասնել: Մեր նպատակը նորարարություն բերելն է, մտնել այնպիսի ոլորտներ, որտեղ սոցիալական ձեռնարկատիրությունը դեռ զարգացած չէ: Աշակերտական սոցիալական ձեռնարկատիրությունը հենց այդ ոլորտներից է: Ծրագրում ներառված 3 երկրներում ևս՝ Ուկրաինայում, Մոլդովայում և Վրաստանում, այս ծրագիրն իրակացվում է և արդեն ունենք մեծ հաջողություններ»,– ասում է CODE-SE HUB–ի համահիմնադիր և նախագահ Սուրեն Մխիթարյանը:

Ծրագրի մեկնարկից մինչ այս պահը ներգրավվել են 20-ից ավելի դպրոցներ, որոնց 400-ից ավելի աշակերտներ մասնացել են սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ սեմինարների և ինտենսիվ դասընթացների, ՍՁ առցանց կրթական հարթակի միջոցով վերապատրաստվել են հարյուրավոր երիտասարդներ, վերապատրաստվել են ավելի քան 20 դասընթացավարներ և ուսուցիչներ՝ աշակերտներին մենթորություն տրամադրելու և ուղղորդելու համար, 7 սոցիալական բիզնես գաղափար մեկնարկի համար ֆինանսական աջակցություն է ստացել:
«Մեզ համար կարևոր է հայ երիտասարդներին գիտելիքներ, հմտություններ փոխանցելը, որի արդյունքում նրանք կդառնան ակտիվ քաղաքացիներ և հաջողակ ձեռներեցներ, ովքեր կնպաստեն սեփական երկրի զարգացմաանը: Մենք ամեն կերպ խրախուսում ենք նորարարական կրթությունը և հնարավորինս շատ մարդկանց այս էկոհամակարգ ներգրավելը»,- ասում է Հայաստանում ԵՄ պատվիրակության նախագծերի կառավարիչ Դավիթ Ավագյանը:
Ֆորումի ընթացքում առանձին տաղավարներով ներկայացված էին նաև այն 7 ԱՍՁ–ները, որոնց մեծ մասը ծրագրի բոլոր փուլերն անցնելուց հետո այսօր արդեն ունեն արտադրանք կամ ծառայություն են մատուցում և դրանցից ստացած եկամուտն ուղղում են սեփական դպրոցում կամ համայնքում առկա մի շարք խնդիրների լուծմանը: Այսպես՝ մի դպրոցի սաների արտադրած գինու և բնական չրերից պատրաստած շոկոլադների վաճառքից ստացված եկամտով մասամբ վերանորոգվել է դպրոցի մարզադահլիճը: Մեկ այլ դպրոցում աշակերտները մշակել են սեղանի ինտելեկտուալ խաղ, որն արդեն բավականին լայն տարածում է գտել դպրոցականների շրջանում և գնալով ընդլայնվում է, երրորդում վերամշակված հումքից էկոպայուսակներ են արտադրում և այդպես շարունակ:
«Աշակերտական սոցիալական ձեռնարկատիրություն» խմբակի ծրագիրը երաշխավորվել է ՀՀ ԿԳՄՍՆ-ի և ԿԶՆԱԿ-ի կողմից։ Սա նշանակում է, որ ցանկացած դպրոց հնարավորություն ունի պաշտոնապես դիմելու նախարարություն և գործարկելու արտադասարանական ԱՍՁ խմբակը։ Ընդ որում՝ ծրագիրը նախատեսված է ինչպես 8-9-րդ, այնպես էլ 10-12-րդ դասարանների համար։ Խմբակի համար արդեն դիմել են 15-ից ավելի դպրոցներ, այս գործընթացը շարունակում է, իսկ CODE-SE Hub-ը շարունակում է տրամադրել մեթոդական աջակցություն՝ թե՛ ձեռնարկը, թե՛առցանց հարթակը հասանելի դարձնելու միջոցով:
«Սա մեզ համար նոր ոլորտ է և շատ աշխատանք ունենք կատարելու: Նախ և առաջ իրազեկման խնդիր ունենք, որովհետև շատ երիտասարդներ չգիտեն՝ ինչ է սոցիալական ձեռնարկատիրությունը: Շատերը մտածում եմ դա պարզապես բիզնեսի ձև է, սակայն դա բիզնես չէ, այն նախ և առաջ համայնքի ու նրա բնակիչների խնդիրների լուծմանն է ուղղված: Այսինքն՝ այդ բիզնեսը օգտագործվում է որպես գործիք՝ համայնքում առկա խնդիրը լուծելու համար, բայց նաև ունի եկամուտ, որ կրկին ուղղվում է այդ խնդիրի լուծմանը,– ասում է ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը և հավելում, որ նախարարությունը ևս իրականացնում է բավականին ընդարձակ ծրագիր ամբողջ հանրապետությունում՝ երիտասարդներին իրազեկելու, ինչպես նաև մարզային կենտրոններ բացելուն աջակցելու ուղղությամբ:
Աշխատանքային խմբերով քննարկումներից բացի միջոցառման կարևոր բաղադրիչներից մեկն էլ նեթվորքինգն էր, որի ընթացքում ֆորումի տեղացի մասնակիցները հնարավորություն ունեցան շփվելու, իրենց փորձը փոխանակելու ու նոր բիզնես կապեր ստեղծելու Գերմանիայից, Ուկրաինայից, Մոլդովայից և Վրաստանից ժամանած 20-ից ավել ոլորտի ներկայացուցիչների հետ:

«Երիտասարդների կողմից ՍՁ և կարիերայի կառավարման գործնական հմտությունների խթանում Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում և Հայաստանում՝ նորարարական աշակերտական սոցիալական ձեռնարկությունների (ԱՍՁ) մոտեցման միջոցով» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության համաֆինանսավորմամբ՝ «ՔՈԴԵ Սոցիալական Ձեռնարկատիրության Հաբ» (CODE-SE HUB) ՀԿ-ի և իր միջազգային գործընկերների կողմից:
Նախագծի տարբեր փուլերում աջակցություն է ցուցաբերել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։