Կոմիտաս, Եկմալյան, Սպենդիարյան, Խաչատրյան… Այս հանճարների գլուխգործոցները, արդեն երկար տարիներ է, հնչում է նաև Գերմանիայում բնակվող օտարերկրացիների շուրթերից: Նախկին «Վիվաչե», ներկայիս «Գայանե» երգչախումբը հիմնել և ղեկավարում է ազգությամբ հայ Գայանե Մացակյանը, ով, մոտ 20 տարի է, բնակվում է Գերմանիայում:
Մասնագիտությամբ դաշնակահար ու խմբավար Գայանե Մացակյանը ծնվել է Արմավիրի մարզի Հացիկ համայնքում: Միջնակարգ կրթությանը զուգահեռ հաճախել է Սպիրիդոն Մելիքյանի անվան երաժշտական դպրոց: Այնուհետև ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի խմբավարական բաժինը: Մասնագիտական ընտրության հարցում մեծ դեր է ունեցել Գայանեի մայրը, ով չի կարողացել իրականացնել իր երազանքը` աշխատել երաժշտության բնագավառում, փորձել է այն կյանքի կոչել իր զավակների միջոցով: Երաժշտական գիծ են ընտրել չորս զավակներից երեքը` երկու որդիները՝ ջութակահար, Գայանեն` դաշնակահար-խմբավար: Մոր խորհուրդները Գայանեն մինչ օրս հիշում և կիրառում է:
Տարիների ընթացքում դժվարություններն էլ են շատ եղել, դժվար է միայնակ օտարության մեջ ստեղծել հայկական երգչախումբ, որտեղ երգում են և թուրքեր, և գերմանացիներ, և իտալացիներ,- նշում է Գայանեն: Դժվարությունները հաղթահարել և ոչ մի րոպե չի հիասթափվել, ինչի շնորհիվ էլ այժմ գրանցում է մեծ հաջողություններ` տարեկան երկու անգամ հաշվետու համերգներ, այսօր արդեն մենահամերգների հրավերներ Եվրոպական այլ քաղաքներից, Թուրքիայից և վերջապես Հայաստանից: «Գայանե» երգչախմբի համերգներն անցնում են միշտ լեփլեցուն դահլիճներում, օտաերկարացիների ներկայությամբ, ԲՐԱՎՈՆԵՐԸ հնչում են թուրքերի և մեծ պաշտոնյաների շուրթերից,-վստահեցնում է Գայանե Մացակյանը:
Գայանեն շուտով կվերադառնա Գերմանիա: Հայաստանում հանգիստն ավարտվեց, իսկ հաջորդ տարի կրկին Հայաստան կվերադառնա արդեն «Գայանե» երգչախմբի անդամների հետ, պետք է համերգային ծրագրով հանդես գա հայ հանդիսատեսի համար: