Բաց տվյալների համաշխարհային շաբաթվա շրջանակներում Հայաստանում մարտի 5-6 անցկացվեցին Բաց տվյալների օրեր, որոնք միտված էին Հայաստանում տվյալների հետ աշխատանքի հարցերին, տվյալահեն դիսկուրսի ձևավորմանը, համայնքի ընդլայնմանը։
Լրագրողական համայնքի ներկայացուցիչների համար անցկացվեց նաև Հայաստանում բաց տվյալների վերաբերյալ պանելային քննարկում։ Իսկ Open Data Armenia ՀԿ ներկայացուցիչները նաև վարպետության դասեր անցկացրին տվյալների հավաքման ու վիզուալիզացիայի թեմաներով։
Միջոցառման շրջանակում անցկացվեց նաև Բաց տվյալների մրցույթի մրցանակաբաշխությունը։ Հաղթողներ ճանաչվեցին երեք նախագծեր․
ArmAQI նախագիծը, որ ամբողջ Հայաստանի տարածքից ավտոմատացված հավաքում է օդի որակի մասին տվյալները, քարտեզագրում է դրանք և տեղադրում ArmAQI.org կայքում, որտեղ կարելի է իրական ժամանակում հետևել օդի աղտոտվածության մակարդակներին։
Տիգրան Մեծի մասին ինտերակտիվ պատմողական նախագիծը, որը քարտեզների ու տվյալների միջոցով պատմում է, թե ինչպես Հայաստանը դարձավ կայսրություն, ինչպես այն հետագայում կորցրեց տարածքներ, և ինչ ազդեցություն ունեցավ Տիգրանի գահակալությունը։ Նախագիծը հասանելի է tigranes-great.netlify.app հասցեով։
Birdwatching in Armenia նախագիծը, որը Հայաստանի թռչուններին դիտել սիրողների համար քարտեզագրել է, թե որ թռչուններին որ բնակավայրերում կարելի է տեսնել։ Բազայում քարտեզագրված է 2470 տեղանք, որտեղ կարելի է դիտել 359 թռչնատեսակներ։ Նախագիծը հասանելի է birdwatchingarmenia.vercel.app հասցեով։ Բաց տվյալների օրերի շրջանակում ներկայացվեց նաև «Վատագույն վիզուալիզացիաների» ցուցադրությունը, որը կարելի է դիտել ISTC կենտրոնում։