Մարտի 27-ին և 28-ին գյուղատնտեսության համար եղանակային վտանգավոր պայմաններ էին։ Անձրև, հետո առատ ձյուն ու սառը քամի, որը, ըստ գյուղացիների, բողբոջած ծառերի համար վնասակար էր։ Ասատուր Բատուրյանը վաղ առավոտյան շտապել էր այգի և ստուգել ծիրանենու բողբոջները։ Այգետերն առայժմ դժվարանում է գնահատել վնասված բերքի չափը։
Արթուրը նույնպես մտահոգված է, անցյալ տարի բերք չի ստացել, ծիրանի երիտասարդ այգին ամբողջությամբ ցրտահարվել է։ Այս տարի նույն վտանգի առաջ է կանգնած։
Սպասվող ցրտահարության մասին գյուղացիները տեղեկացված էին, բայց ոչինչ չէին կարող անել։ Արթուր Սիսակյանն ասում է՝ գիշերային ժամերին քամին չդադարեց, այդ պայմաններում այգիները ծխահարելն անհնար էր։
Արմավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն ասում է, որ անցած երկու օրերին գրանցված ցուրտը վնաս է հասցրել ծաղկած ծիրանենուն, մյուս ծառապտուղները ցրտահարությունից չեն տուժել։
Ասատուրը մոտ մեկ հեկտար ծիրանի այգի ունի։ Անցյալ տարի բերքի 50 տոկոսը ցրտահարվել էր, 8 տոննա ծիրան է հավաքել։ Ո՛չ նախորդ, ո՛չ էլ այս տարի այգին ցրտահարությունից չի ապահովագրել։ Անցյալ տարի միայն կարկուտից էր ապահովագրել։ Արթուր Սիսակյանը դեռ մտածում է՝ ապահովագրե՞լ այգին, թե՞ ոչ։
Մարզի գլխավոր գյուղատնտեսի խոսքով, այն գյուղացիական տնտեսությունները, որոնք հասցրել են ապահովագրել իրենց ծիրանի այգիները, որովհետև արդեն ապահովագրության ժամկետները լրացել են, կարող են դիմել։ Կգան կարձանագրեն, վնասի չափը կորոշեն և նրանք փոհատուցում կստանան։
Այվազյանի խոսքով, Բաղրամյանի տարածաշրջանում ցրտահարության վտանգ չկար, քանի որ ծիրանենին դեռ բողբոջային փուլում է։ Վնաս է պատճառվել Արմավիրի և Էջմիածնի տարածաշրջանների միայն ծաղկած ծաղիկներին և ակնկալվում է, որ չբացված բողբոջներից գյուղացին բերք կստանա։ Վնասի չափերը հնարավոր կլինի հաշվարկել 10 օրից։