Արմավիրի մարզում այս տարի խաղողի բերքից գյուղացիները գոհ էին։ Վերամշակող կազմակերպությունները դեռ մթերման մեկնարկից առաջ հավաստիացրել էին, որ խաղողի մթերման խնդիր մարզում չի առաջանա։
Սակայն, մթերման գործընթացը չավարտված, տեխնիկական խաղողի իրացման խնդիր է առաջացել։ Խաղողագործները, ունենալով պայմանագրեր, չեն կարողանում բերքը հանձնել մթերողին, մասնավորապես՝ Պռոշյանի Արմավիրի մասնաճյուղում և ՄԱՊ գինու, կոնյակի գործարանում։
Ըստ Արմավիրի մարզպետի աշխատակազմի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի, այս պահի դրությամբ Արմավիրի մարզում մթերվել է 71 հազար տոննա տեխնիկական սորտի խաղող, մոտ 2000 տոննա դեռ վազերին է։ Մարզի գլխավոր գյուղատնտեսի խոսքով, աշխատանքներ են տարվում մնացած բերքի իրացման հարցը լուծելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ տեխնիկական տեսակի խաղողի մեկ կիլոգրամը վերամշակող կազմակերպությունները սկսել էին մթերել 130-150 դրամով։
Արմավիրի մարզում մշակվում է 6471 հեկտար խաղողի այգի, որից 1900-ը՝ սեղանի տեսակի։