Հուլիսի 8-ին 20-րդ ընտրատարածքում գտնվող Մրգաշատ համայնքում ևս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին ընթանում: Հիշեցնենք, որ Մրգաշատում կա 4026 ընտրող: Ընտրությունների օրը գյուղում 3 ընտրական տեղամաս էր ձևավորվել: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին երկու թեկնածու՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Գևորգ Դանիելյանը և անկուսակցական Լավրենտ Մարտիրոսյանը: Ի դեպ, գյուղում շրջանառվող լուրերի համաձայն, Լավրենտ Մարտիրոսյանին սատարում էր գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Նախնական արդյունքներով Մրգաշատ համայնքի ղեկավար է վերընտրվել Գևորգ Դանիելյանը:
Նկատենք, որ ընտրությունների օրը քվեարկության ընթացքից գոհ էին թե տեղամասային հանձնաժողովների նախագահները, թե թեկնածուների վստահված անձինք, համենայն դեպս մեզ հետ զրույցում որևէ դժգոհություն նրանք չարտահայտեցին, միայն նշեցին, որ մասնակցությունն ակտիվ է, բողոքներ չկան և ընտրություններն անցնում են բնականոն հունով:
Իսկ ավելի ուշ, կեսգիշերն անց, երբ արդեն նախնական տվյալներով պարզ է դարձել, որ համայնքի ղեկավար է ընտրվել Գևորգ Դանիելյանը, մրգաշատցիները պատմում են, որ Լավրենտ Մարտիրոսյանի կողմնակիցներն ըմբոստացել և փորձել են շրջափակել Գևորգ Դանիելյանի տունը, ինչը ոստիկանների միջամտության արդյունքում տեղի չի ունեցել: Գյուղացիները պատմում են, որ ոստիկանները նույնիսկ ստիպված են եղել հսկողություն սահմանել թեկնածուների տների մոտակայքում: Ըստ մեր աղբյուրների, հուլիսի 9-ին գյուղում հարաբերական անդորր է, կրքերը հանդարտվել են, նոր զարգացումներ չեն եղել: