Արմավիրի մարզի 4 համայնքներում համայնքի ղեկավար էին ընտրում։
Զարթոնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար երկու թեկնածու է առաջադրվել՝ նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը և Սամվել Աղաջանյանը։ Հիշեցնենք, որ ապրիլին Զարթոնք գյուղը բաժանվեց երկու բանակի։ Խրամատի մի կողմում գյուղապետի կողմնակիցներն ու հարազատներն էին, մյուս կողմում՝ այն բնակիչները, ովքեր մեղադրում էին գյուղապետին ապօրինի գործողությունների մեջ և պահանջում նրա հրաժարականը։ Մոտ երեք ամիս կրքերն այնքան թեժացան, մինչև հնչեցին կրակոցներ։ Պարույր Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Արտահերթ ընտրություններում նախկին գյուղապետը մրցում էր ընդդիմադիր դաշտի թեկնածուի հետ։ Գյուղացիներն ասում են վերջին երկու ամսում գյուղում լարվածություն չի եղել։ Տիկին Քաղցրիկի համար կարևորը արդար ընտրությունն է։
Զարթոնքցիներն ասում են՝ ընտրություններն ընթանում են խաղաղ պայմաններում, միմյանց նկատմամբ գյուղացիներն ատելություն չունեն, վճռորոշ օր է, կարևորը արժանի թեկնածուի հաղթանակն է։
Գարնանը գյուղապետի հրաժարականի պահանջով ճանապարհը փակեցին նաև Տանձուտ համայնքի բնակիչները։ Նրանք գյուղապետին մեղադրում էին ապօրինի աճուրդ-վաճառքների և պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ։ Ստուգումներ իրականացվեցին, խախտումներ չարձանագրվեցին։ Կրքերը հանդարտվեցին, գյուղապետը շարունակեց պաշտոնավարումը։ Տանձուտում համայնքի ղեկավարի հերթական ընտրություններում առաջադրվել էր 5 թեկնածու, այդ թվում՝ գյուղապետ Մխիթար Պետրոսյանը։ Քվեարկության օրը գյուղում աննախադեպ աշխուժություն էր։
Համայնքի ղեկավար էին ընտրում նաև Արմավիրի մարզի Փարաքար և Նոր Կեսարիա համայնքներում։ Փարաքարում առաջադրվել էր՝ 4, Նոր կեսարիայում՝ 2 թեկնածու։ Նախնական տվյալներով, Զարթոնքում համայնքի ղեկավար է ընտրվել Սամվել Աղաջանյանը, Փարաքարում՝ Դավվիթ Մինասյանը։ Նոր Կեսարիա և Տանձուտ համայնքներում վերընտրվել են գործող գյուղապետեր Հրայր Գալստյանը և Մխիթար Պետրոսյանը։