Հայաստանի գյուղատնտեսությունը հայտնվել է թունելում, որի վերջում լույս չի նշմարվում: Որքան էլ գյուղնախարարը իր ամպագոռգոռ ելույթներում հայտարարի, որ գյուղացին խնդիր չունի և որ գյուղատնտեսությունը 2011 թ-ին տնտեսական աճ է գրանցել, միևնույնն է, սրանք լոկ խոսքեր են և չեն արտացոլում գյուղատնտեսության իրական պատկերը: Հայաստանի ամենաանպաշտպան ոլորտը մնում է գյուղատնտեսությունը և հողի <<մշակ>> գյուղացին:
Եթե մի պահ կտրվենք իրականությունից և հավատանք գյուղնախարար Սերգո Կարապետյանի ելույթներին ու պատկերացնենք, որ իրոք գյուղացին խնդիր չունի, ապա ինքներս մեզ հարց չենք տա` իսկ ինչու են գյուղացիները համատարած վաճառում իրենց ապրուստի միակ միջոց հանդիսացող հողակտորը, կամ ինչու են անմշակ մնում Արարատյան դաշտավայրի գյուղատնտեսության համար պիտանի հողատարածքների շուրջ 40 տոկոսը:
Այս հարցերի պատասխանը գյուղնախարարը մի քանի անգամ հնչեցրել է, ասելով, որ շատ գյուղացիներ աշխատել չեն սիրում, հող մշակել չգիտեն: Սակայն իրականությունն այն է, որ Հայաստանում առանց պետական աջակցության գյուղատնտեսությամբ զբաղվելը տնտեսապես ձեռնտու չէ: Օրինակ՝ անցյալ տարի Արմավիրի մարզի Լուկաշին, Խանջյան, Նորավան համայնքների գյուղացիներն իրենց աճեցրած կաղամբը նույնիսկ չհավաքեցին դաշտից և հարյուրավոր տոննա կաղամբ դարձավ անասնակեր: Գյուղնախարարը Արմավիր կատարած իր այցի ժամանակ հայտարարեց, որ 2011 թ-ին գյուղացին մթերման խնդիր չի ունեցել և շնորհիվ իշխանությունների գյուղմթերքը 100 տոկոսով մթերվել է: