Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները վաղ գարնան գյուղատնտեսական աշխատանքներն այս տարի ավելի շուտ են սկսել։ Մասնավորապես, պտղատու ծառերի էտը բուռն ընթացքի մեջ է։ Ոմանք սկսել են նաև այգեբացը։ Նշենք, որ այս տարի տարբեր պատճառներով այգեգործներից շատերն այգեթաղ չեն իրականացրել։ Գյուղացիներն ասում են՝ վաղ գարնան գործերը փորձում են ձմռան ամիսներին թեթևացնել, որպեսզի գարնանը կարողանան հրատապ գործերը հասցնել։ Արմավիրցի Նորայրը ծառերի էտը սովորաբար փետրվար-մարտ ամիսներին էր իրականացնում։ Վերջին 2-3 տարիներին, ասում է, դեկտեմբեր ամսից արդեն սկսում է ծառերի էտը՝ կախված եղանակային պայմաններից։ Շատերը նույնիսկ ավարտել են ծառերի էտի աշխատանքները։ Ըստ Նորայրի, կլիման փոխվել է, ամբողջ ձմռան ընթացքում ծառերը չեն քնում, ինչը շատ կարևոր է վեգետացիայի համար, դե քանի որ եղանակն էլ մեղմ է, ուստի գարնանային շատ գործեր կատարում ենք ձմռան ամիսներին, երբ ավելի շատ ազատ ժամանակ կա։ Այս պահին նա իրականացնում է սալորի և կեռասի ծառերի էտ։
Հացիկ համայնքում հողատարածքների շուրջ 80 տոկոսը պտղատու և խաղողի այգիներն են զբաղեցնում, ծիրան, դեղձ, սալոր ու խաղող են մշակում։ Պտղատու այգիներում գարնան առաջին փուլի աշխատանքները սկսվում են մարտ ամսին, բայց այստեղ էլ պտղատու ծառերի մեծ մասն արդեն ձևավորել է։ Այգետերերը կսպասեն մինչև մարտ ամիս և առաջին բուժումը կիրականացնեն՝ մինչև ծառերը կսկսեն փնթել։
Ալաշկերտում, որտեղ այգեթաղ չեն իրականացրել, նույնպես այգիների էտ են կատարում։ Այստեղ էլ խաղողի այգիների զգալի մասը գյուղացիները չեն ծածկել, մի մասը ելնելով եղանակային կանխատեսումներից, մյուս մասն էլ՝ խաղողի մթերման ցածր սակագնից հիասթափված, հավելյալ ծախս չեն կատարել,- ասում է ալաշկերտցի Մամիկոն Պետրոսյանը։
Գյուղացիները հույս ունեն, որ տարին բերքառատ կլինի։ Առայժմ բնակլիմայական պայմանները նպաստավոր են, մնում է բերքի իրացման խնդրի առաջ չկանգնեն, ինչը վերջին 3 տարիներին, կապված արտահանման ծավալների կրճատման հետ, օրակարգային խնդիր է դարձել ինչպես խաղողի, այնպես էլ մյուս բոլոր պտղատեսակների համար։
Արմավիրի մարզպետի աշխատակազմի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ 2024թվ-ին մարզում խաղողի այգիները կազմել են 6471 հեկտար, որից 1900 հեկտարը՝ սեղանի տեսակի։