Գեղանկարիչ Սարգիս Վարդանյանի արվեստանոցում ապրում է երկու գեղեցիկ իրողություն: Նկարչի վարպետանոցը ողողված է իր լիրիկային բնորոշ գույների խտությամբ, որոնցում պատկերված է հայոց բնաշխարհը՝ լի օդով ու լույսով: 70 տարի աշխատելով գույների աշխարհում, գեղանկարչի կտավները չլքեցին իրենց բնորոշ պարզությունը:
Եթե Վարդանյանի թեման բնանկարը չէ, ապա կինն է՝ իր ողջ հմայքով:
Նկարչի բնորդուհիներն այնպիսին են, ինչպիսին կան, առանց ավելորդ ստեղծագործական հավելումների: Այս մասին վկայում է նաև Վարդանյանի որդին` Զարեհ Վարդանյանը:
Զարեհ Վարդանյանը նույնպես իր կյանքը նվիրել է նկարչությանը: Զարեհի ներաշխարհի միջուկը այլ է: Ի տարբերություն հորը, որդին առաջնորդվում է վերացական արվեստի գաղափարով: Զարեհի աշխատանքների հիմնական թեման մարդն է, գլխավորապես՝ կինը: «Աշխատանք և օրեր» կտավին անդրադառնալով, Զարեհը վերհիշեց նկարի պատմությունը, որը պատմում է մկանոտ ձեռքերով կթվորուհու մասին: Նկարի թեման բաժանվում է չորս մասի, որոնք բացում են կնոջ կենցաղի, մաքրության և մայրության գաղափարները:
Այն արվեստանոցը, որում ստեղծագործում է Զարեհը, 1969 թվ-ին հիմնել է հայրը` Սարգիս Վարդանյանը: Վարպետանոցը գտնվում է Արմավիրի մարզի Նորապատ համայնքում: Սարգսի համար արվեստանոցը մեկուսի աշխատանքային տիրույթ էր, ուր քչերի էր հաջողվում հյուրընկալվել: Գեղանկարիչը մահացել է 87 տարեկան հասակում՝ արվեստանոցում թողնելով մի հսկայական ժառանգություն: Զարեհը, դեռ հոր կենդանության ժամանակ, արվեստանոցը վերածեց տուն-թանգարանի, որը լի է կենսական փիլիսոփայությամբ ու գունապնակների ինքնատիպությամբ: