Արմավիրի մարզում սկսվել է խաղողի սեղանի տեսակի բերքահավաքը։ Ալաշկերտցիներն առաջին բերքահավաքը կատարել են մեկ շաբաթ առաջ։ Արտահանողներին են վաճառել, քիշմիշ տեսակի խաղողի մեկ կիլոգրամը 500-600 դրամ՝ ըստ որակի։
Դրանից հետո բերքահավաքը դադարեցվել է։ Տեղական շուկայում բերքը քիչ քանակությամբ է սպառվում, արտահանողներն էլ նոր գին են թելադրում՝ առաջարկում են կիլոգրամի համար 300 դրամ, ինչը ալաշկերտցիներին չի գոհացնում։ Ասում են՝ այդ գնով եկամուտ չեն ունենում։
Նախորդ տարի նույնպես ալաշկերտցիները խաղողի սպառման խնդիր ունեին, որը պայմանավորեցին խաղողի բարձր բերքատվության հետ։ Սեղանի տեսակի խաղողը գյուղացիները ստիպված եղան հանձնել մթերող կազմակերպություններին՝ 1 կգ-ը 70-120 դրամով՝ ըստ սորտերի։ Այս տարի 50 տոկոսով պակաս բերք են ստացել և սպառման խնդրի առաջ կանգնել։ Արայիկ Մովսիսյանը 8 հազար քմ սեղանի տեսակի խաղող ունի՝ քիշմիշ և շահումյան։ Դեռ 300 կգ քիշմիշ է վաճառել։
Սամվել Ստեփանյանը 4 հազար քմ այգի ունի, 8 տոննա խաղողի ակնկալիք։ Ոչ մի կիլոգրամ դեռ չի վաճառել։ Ստեղծված իրավիճակը արհեստական է համարում։
Գյուղացիները հուսահատված են, ելքեր են փնտրում, ասում են իրավիճակը շտկելու համար պետական մոտեցում է պետք։
Ալաշկերտում 107 հեկտար սեղանի տեսակի խաղողի այգի կա, ակնկալում են մոտ 250 տոննա բերք։ Գյուղապետը խաղողագործների հետ մասամբ համաձայն է՝ եթե խաղողը չարտահանվի, տեղական շուկայում սպառումն անհնար կլինի։ Սակագնի առումով, ասում է, գնորդն է թելադրում, միջամտել չի կարող։ Գյուղապետ Կարեն Հովհաննիսյանն ասում է՝ դեռ ժամանակ կա, հնարավոր է կարգավորվի գնային քաղաքականությունը և ավելացնում, որ ոչ բոլորն են վազից անմիջապես շուկա հանում բերքը, մեծ մասը սառնարաններում է պահում, ավելի ուշ է վաճառում։ Արայիկ Մովսիսյանը, օրինակ, որոշել է՝ 300 դրամով քիշմիշը չի վաճառի, մի որոշ ժամանակ սառնարանում կպահի, մինչև գինը կկարգավորվի։ Սառնարան քչերն ունեն,- նկատում է Մովսիսյանը։