Արմավիրի մարզպետի աշխատակազմում այսօր մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց խորհրդակցություն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության պատասխանատուների, մարզի համայնքների ղեկավարների, համայնքապետարանների քաղաքացիական պաշտպանության մարզային ծառայությունների պետերի մասնակցությամբ` «Արտակարգ իրավիճակներում մարզի բնակչության և նյութական արժեքների տարհանման, քաղաքացիական պաշտպանության, բնակչության իրազեկման վիճակը» թեմայով:
Խորհրդակցության նպատակն էր վեր հանել առկա խնդիրներն ու նախանշել դրանց լուծման քայլերը:
Օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Մարգարյանը:
Քննարկվեցին համայնքներում շչակների տեղադրման և ազդարարման միասնական համակարգերի ձեռքբերման, սելավատարերի վտանգավոր տեղամասերի հուների մաքրման, ափապատնեշների կառուցման, հիդրանտների տեղադրման, նոր ջրագծերի և ջրավազանների կառուցմանը վերաբերող հարցեր:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ մարզպետը նշեց, որ առաջիկայում ևս կլինեն թեմային առնչվող հանդիպումներ, հետագա աշխատանքային քննարկումները կկրեն առավել իրազեկման և հաշվետվողական բնույթ։
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ