Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը սկսել է համայնքային այցերը։ Մարզպետը նախ ծանոթանում է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին։
Զարթոնք համայնքում էդվարդ Հովհաննիսյանը ծանոթացավ մանկապարտեզի կառուցման աշխատանքներին, որի մեկնարկը տրվել է 2020 թվ-ին։ Մանկապարտեզի կառուցման գումարը կազմում է 99,776,080 ՀՀ դրամ, որի 50 տոկոսը համայնքի ներդրումն է, 50-ը՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, պետական բյուջեի միջոցներից։ Կառուցվում է մեկ հարկանի տիպային մանկապարտեզ 75 երեխաների համար։
Մարզպետի հաջորդ կանգառը Գայ համայնքում էր։ Այստեղ նույնպես իրակացվում է մանկապարտեզի կառուցման աշխատանքներ՝ 381,389,700 ՀՀ դրամ արժողությամբ։ Մանկապարտեզի շենքը բաղկացած կլինի 4 մասնաշենքից։ Կիրականացվի նաև տարածքի բարեկարգման աշխատանքներ։ Կառուցման համար հատկացված գումարը կրկին 50-50 չափաբաժնով է։
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, 64,283 մլն դրամ արժողությամբ, 50 երեխայի համար մանկապարտեզ է կառուցվում նաև Արևաշատ համայնքում։ Գումարը հատկացվել է 50-50 համամասնությամբ՝ համայնքի և պետական բյուջեի միջոցներից։
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, չնայած պաշտոնավարման կարճ ժամանակահատվածին, հասցրել է ծանոթանալ մարզի խնդիրներին։ Դրանք, ըստ առաջնահերթության, կուսումնասիրվեն և լուծման ճանապարհներ կկազմվեն։ «Հաշվի առնելով, որ Արմավիրը գյուղատնտեսական մարզ է, հնարավոր բոլոր միջոցառումները կիրականացվեն, որպեսզի գալիք գյուղատնտեսական տարում գյուղացիական տնտեսությունների հոգսերը թեթևացվեն»,- ասաց Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։