Արմավիրի մարզի վերամշակող կազմակերպությունները սկսել են խաղողի տեխնիկական տեսակի մթերումը։ Ընդունող կազմակերպությունները խաղողի մեկ կիլոգրամը, ըստ տեսակների, գնում են 130-150 դրամի սահմաններում։ Տեխնիկական տեսակի խաղողի իրացման առումով առայժմ խնդիրներ չեն առաջացել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արթուր Այվազյանից։ Այվազյանի խոսքով, տեխնիկական սորտի խաղողի մթերման պահանջարկը այս տարի մեծ է և այգեգործները իրացման խնդիր չեն ունենա։ Արմավիրի մարզում մշակվում է 6471 հեկտար խաղողի այգի, որից 1900-ը՝ սեղանի տեսակի։ Գյուղացիներն այս տարի խաղողի բերքատվությունից գոհ են։
Նկատենք, որ այս տարի խաղողագործների մեծ մասը այգեթաղ չէր իրականացրել։ Այգեգործներն ասում են՝ վերջին երեք տարիների եղանակային մեղմ պայմանները թույլ են տալիս այգեթաղից խուսափել, վազերը չեն ցրտահարվում և գյուղացիները փորձում են խուսափել հավելյալ ծախս կատարել այգեթաղի համար, չնայած նրանց պնդմամբ երաշխիք չկա, որ ձմռանը կարող է ցուրտ լինել։ Ինչպես Արայիկ Մովսիսյանն է ասում․ «Ի՞նչ կլինի, կտեսնենք գարնանը, հույսով սպասում ենք»։
Խաղողի մթերման գործընթացը շարունակվում է և բերքի քանակի մասին տեղեկատվությունը կամփոփվի մթերման ավարտից հետո։




