Արարատյան դաշտավայրի 40 տոկոս անմշակ հողատարածքների ֆոնի վրա երկրորդ պլան է մղվում գյուղատնտեսական նշանակության հողերի աղակալման խնդիրը:
Այս խնդիրը նոր չի առաջացել, դեռ խորհրդային տարիներին իշխանությունները միջոցառումներ էին իրականացնում աղակալումից կանխելու և աղակալված հողատարածքներն աղազրկելու ուղղությամբ:
Արարատյան դաշտավայրում աղակալված է մոտ 30 հզր հա հողատարածք: Մինչև 1991 թվականը մոտ 1750 հա հողատարածք աղազրկվեց, կառուցվեցին բաց և փակ դրենաժային համակարգեր և ջրահեռացման պոմպակայաններ:
Խորհրդային համակարգի փլուզման հետ զուգահեռ, փլուզվեց նաև հողերի աղակալումը կանխող արդեն իսկ ստեղծված համակարգը: Փակ դրենաժային համակարգն ամբողջությամբ խցանվեց, իսկ բացը, երկար տարիներ զուրկ մնալով սպասարկումից, կորցրեց իր նշանակությունը: Արդյունքում սկսեցին աղակալվել նոր հողատարածքներ, իսկ նախկինում աղազրկված տարածքները սկսեցին կրկնակի աղակալել: Ամեն տարի Արարատյան դաշտավայրում մոտ 50 հա հողատարածք ենթարկվում է աղակալման կամ կրկնակի աղակալման:
Արմավիրի մարզի տասնյակ համայնքներ գտնվում են հողերի աղակալման ռիսկային գոտում և այս համայնքներից շատ գյուղացիական տնտեսությունների սեփականաշնորհման արդյունքում բաժին է հասել կիսով չափ աղակալված կամ աղակալված հողակտորներ: Այսօր հողերի կրկնակի աղակալման և նոր հողատարածքների աղակալման պայմաններում այս համայնքների շատ գյուղացիական տնտեսություններ այլևս հող չեն մշակում:
Մասնագետների մեկնաբանությամբ աղակալումը դադարեցնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին գրունտային ջրերի մակարդակը իջեցնել, ոռոգման միջոցով հաճախակի լվանալ հողատարածքը, այնուհետև միայն տարածքում ցանել աղասեր կուլտուրաներ: Սրանք աշխատատար և ծախսատար գործողություններ են, որոնց իրականացումն առանց պետական ծրագրերի գրեթե անհնար է:
Լուսանկարները՝ Գալուստ Նանյանի