Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափը, համայնքի վարչական տարածքում ընդգրկված գյուղական բնակավայրերում տեղական վճարների գանձումը, մանկապարտեզների, մշակույթի տների, գրադարանների, շախմատի, ըմբշամարտի, երաժշտական դպրոցների, մարզադպրոցի, քաղաքային զբոսայգու, Բարեկարգում տնօրինության և մի շարք ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները, հաստիքացուցակներն ու պաշտոնային դրույքաչափերը հաստատվեցին այսօր տեղի ունեցած ավագանու արտահերթ նիստում։ Ավագանին հաստատեց նաև համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը։
Նիստի օրակարգում ընգրկված էր 56 հարց։ Բոլոր հարցերին ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին։ Դեմ կամ ձեռնպահ չկար։ Համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը վստահեցնում է, որ մինչև նիստի կայանալը մշտապես ավագանու անդամների հետ աշխատում են օրակարգի հարցերի շուրջ։ Համայնքը խոշորացվել է, աշխատանքների ծավալը մեծացել, հետևաբար մինչև որոշում կայացնելը յուրաքանչյուր հարց քննարկվել է, առաջարկություններն ու առարկությունները՝ հաշվի առնվել։
Սա 2022 թվ-ի ավագանու երկրորդ նիստն էր։ Նշենք, որ խոշորացված Արմավիր համայնքն ընդգրկում է Արմավիր քաղաքը և տասը գյուղ։ Նիստին մասնակցում էին նաև գյուղերի վարչական պատասխանատուները։ Ավագանու անդամ Սուսաննա Մատինյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք մանկապարտեզների աշխատակիցները պարապուրդի համար վճարվում են։ Համայնքի ղեկավարը մեկնաբանեց՝ նրանք վարձատրվում են սահմանված կարգով և՛ պարապուրդի, և՛ արձակուրդի համար։
Հիշեցնենք, որ Արմավիր խոշորացված համայնքում ավագանու 27 մանդատները պատկանում են մեկ կուսակցության, քանի որ այլ կուսակցություններ ՏԻՄ ընտրություններին չէին առաջադրվել։ Ավագանու անդամ Դավիթ Հովհաննիսյանը գտնում է, որ այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի ավագանու նիստերի ընթացքում ծավալվեն բազմակողմանի քննարկումներ և հարցերի շուրջ հնչեն տարբեր կարծիքներ։ Դավիթ Խուդաթյանն ասում է, որ արդեն հասցրել է ծանոթանալ գյուղերում առկա առաջնային խնդիրներին։ Դրանք որքան շատ են, նույնքան էլ՝ կարևոր։