Պարոն Հակոբյան, Ամալյանը կանչում էր, ներկայացնում էր իրավիճակն ու ընկերական խորհուրդ տալիս՝ իզուր ջանքեր ու միջոցներ չներդնել։ Չշտապեք հունից դուրս գալ և մտքում կամ խոսքով ածականներ օգտագործել։ Ես սպասում էի ձեր պաշտոնական նամակին, որը ստացա այսօր։
Ես տեխնիկական կրթություն ունեմ և, ինձ համար յուրաքանչյուր թվաբանական խնդիր ունի մեկ պատասխան, մերժում եմ «համարյա հղի» եզրույթը։ Բանասիրական ձևակերպումների չեմ տիրապետում, ուստի կխոսեմ չոր փաստերով։
Հունվարի 15-ին, լիցենզավորման մարզային սփռման մրցույթի մեկնարկից առաջ դուք ասացիք՝ մեջբերում եմ ձեր խոսքը. «Բավականին մեծ տեղեկատվություն ունենք արդար և ոչ կողմնակալ որոշում կայացնելու համար։ Նաև գոհունակությամբ պետք է նշեմ, որ որևէ ազդեցություն մեր որոշումների, որևէ կանխորոշում ընկերական շրջապատի միջոցով, վարչական ռեսուրսների, քաղաքական շահարկումների՝ այս պահի դրությամբ չի եղել» (մեջբերումը՝ Commission TVR ալիքից, https://www.youtube.com/watch?v=76PbnkLqBII հղումով, 0։13։29-0։13։49)։
Ձեր խոսքում դուք շրջանցեցիք որոշումների վրա ազդելու ամենաարդյունավետ միջոցին։
Այժմ տեղափոխվենք 2020թ. նոյեմբերի 19-ի նիստ, որի ընթացքում հրապարակվում էին հանրային մուլտիպլեքսում մարզային սլոթի օգտագործման համար ներկայացված հայտերը։ Արմավիրի մարզի սլոթի օգտագործման հայտ էր հրապարակվելու «ԱԼՏ» և «Արանեա» ՍՊ ընկերությունների կողմից։ «Արանեա» ՍՊ ընկերության ներկայացուցիչը հայտը ներկայացնելու ներդրումների մասում ասաց՝ բառացի մեջբերում եմ. «Ֆինանսական ներդրումները կարևոր են, այսօր արդեն իսկ աշխատանքները տարվում են։ Վերանորոգվում է տարածքը, տեխնիկական համալրում է տեղի ունենում։ (մեջբերումը՝ Commission TVR ալիքից, https://www.youtube.com/watch?v=3VrCa7XdsMk հղումով, սկսած 1։18։32-ից)։
Այս երկու, իրար հակասող պարբերությունների համատեքստում ինձ մոտ հարցեր են առաջացել, որի պատասխանը դուք ունեք և խնդրում եմ պատասխանեք՝
1. «Արանեա» ՍՊ ընկերությանը ո՞վ էր երաշխիք տվել, որ մրցույթում հաղթելու է, որ սկսել է ներդրում կատարել։
2. «Արանեա» ՍՊ ընկերության հայտի հրապարակումից հետո ինչու՞ առաջին կետի հարցը դուք չտվեցիք «Արանեա» ընկերության ներկայացուցչին։
Իմ հետագա քայլերը խիստ կախված են ձեր պատասխանից, որը, հույսով եմ, երկար սպասել չի տա։ Առաջիկայում կանդրադառնամ ձեր հանձնաժողովի գնահատականներին։