53-ամյա Էդվարդ Պողոսյանը նկարել սկսել է 5 տարեկանից։ Գեղանկարիչը սիրում է աշխատել վառ գույներով՝ չնայած 90-ականներին արված աշխատանքներն իրենց փոքր արտահայտված խավարով խորհրդանշում են այդ տարիների դժվարությունները։


Թեմաների մեջ գերիշխող դերը կանանցն է։ Էդվարդն ասում է՝ կնոջ մեջ շատ ասելիք կա՝ խորը փիլիսոփայություն, փոփոխվող ներաշխարհ, տանջվող ու արարող կերպար։


«Նկարչությունը արվեստի ու արհեստի միախառնություն է։ Պետք է ունենալ ստեղծագործական միտք, որ ինքդ քո մեջ բացահայտես տաղանդը։ Չես կարող վրձինը վերցնել ու որոշել գեղեցիկ պատկեր ստանալ, – ասում է Պողոսյանն ու ավելացնում, -նկարչությամբ զբաղվելը մտքի արտահայտումն է կտավին, որը քեզ շունչ է հաղորդում»։


Գերմանիայում ապրելու տարիներին Էդվարդը երկու ցուցահանդես է բացել։ Հիմա պատրաստվում է Հայաստանում ցուցադրել իր աշխատանքները, բայց չի որոշել երբ։ Ասում է՝ դա էլ է զգացողություն, պետք է զգալ երբ է այդ պահը։


Նկարչությունը Էդվարդի համար երբեմն եկամտի աղբյուր է, բայց ոչ ապրուստի միջոց։ Ասում է՝ եթե կտավները դիտարկի որպես վաճառքի ապրանք, կկորցնի ստեղծագործական ունակությունը և կդառնա դասական բիզնեսմեն՝ քիչ ներդրում, մեծ եկամուտ ակնկալիքով, իսկ արվեստի գործերը հակառակ տրամաբանությունն ունեն՝ մտքի, հոգու, ֆիզիկական ու ֆինանսական մեծ ներդրում՝ գնահատված աշխատանք։


Գեղանկարչի խոսքով, վերջերս շատ է ստանում գյուղական կյանքի կոլորիտային նկարների պատվերներ։ Ասում է՝ պատվիրատուները տարբեր են իրենց պահանջներով, երբեմն դժվար է հասկանալ նրանց ցանկությունները։


Էդվարդի ամենասիրելի նկարը 90-ականներին ստեղծված այս կնոջ կերպարն է։ Հիշողությունները կտավի հետ կապված և՛ դառն են, և՛ քաղցր։


Սիրում է բոլոր կտավները։ Ավելի շատ կամ պակաս սիրելի գործեր չկան։ Ասում է՝ յուրաքանչյուր կտավ իր ապրած տարիների հիշողություններն են։


Նկարիչը, 30 տարի է, զբաղվում է նաև գեղարվեստական դարբնությամբ։ Դա ընտանիքի ապրուստի հիմնական աղբյուրն է։