Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում կրքերը չեն հանդարտվում, մանկավարժական կոլեկտիվը շարունակում է պահանջել տնօրենի հրաժարականը, իսկ տնօրենը խոստանում է ապացուցել, որ կոլեկտիվը կազմակերպված դավադրություն է վարում իր նկատմամբ։ Քոլեջի աշխատակազմն անժամկետ դասադուլ է հայտարարել։

Տնօրեն–կոլեկտիվ փոխադարձ մեղադրանքները հասել են իրավապահ մարմիններին և մինչ քննություն է ընթանում, ուսանողների ծնողներն են բողոքի ակցիա իրականացնում։ Փորձում են պարզել խաթարված դասապրոցեսի պատճառները։ Հանդիպել են դասախոսական կազմին, ապա՝ տնօրեն Անգին Արշակյանին։

Ծնողներին վրդովեցրել էր սեպտեմբերի սկզբին բարձրացված ուսման վարձավճարների չափը։

Անգին Արշակյանը ծնողներին փորձում է ապացուցել, որ ուսման վարձավճարների բարձրացումը փոխտնօրեն Սուսաննա Մարգարյանի որոշումն է եղել։ Վերջինս էլ պնդում է, որ առանց կառավարման խորհրդի որոշման վարձավճարի չափի փոփոխություն կատարելն անհնար է, իսկ կառավարման խորհրդի նիստ այդ հարցով տեղի չի ունեցել։

Ծնողները հեռացան՝ չստանալով իրենց հարցերի պատասխանները՝ ե՞րբ է քոլեջում վերականգնվելու ուսումնական պլանը, և արդյո՞ք կվերանայվի բարձրացված վարձավճարների չափը։ Քոլեջի տնօրեն Անգին Արշակյանը հրաժարվեց պատասխանել մեր  հարցերին: